Հայկական էստրադայի աստղերը կկտարարեն նորաստեղծ «Vive La France» երգը

Հայկական էստրադայի աստղերը կկտարարեն նորաստեղծ «Vive La France» երգը

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա լուրջ կապերի մասին կարելի է խոսել` սկսելով միջնադարից, իսկ ավելի ստույգ` այն ժամանակներից, երբ տեղի էին ունենում քրիստոնյաների Խաչակրաց արշավանքները այլադավանների դեմ: Լինելով քրիստոնեական երկիր` Հայաստանը համագործակցության եզրեր ուներ եվրոպական երկրների, այդ թվում` նաև Ֆրանսիայի հետ: Դեռևս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ կամավորականները ֆրանսիական բանակի Արտասահմանյան լեգեոնի կազմում կռվում էին Մերձավոր Արևելքում: Այդ արյունահեղ պատերազմի տարիներին Ֆրանսիան անվերապահ վախճանից փրկեց Մուսա լեռան լեգենդար պաշտպաններին: Հետագայում Ֆրանսիան ընդունեց 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունից մազապուրծ շատ ու շատ հայերի: Բազմաթիվ հայ ընտանիքներ հիմնավորվեցին Ֆրանսիայում: Իսկ Երկրորդ համաշխարհայինի տարիներին ֆրանսաբնակ հայերն իրենց պարտքը կատարեցին արդեն «նոր հայրենիք» դարձած երկրի հանդեպ` մեծ ակտիվությամբ պայքարելով ֆրանսիական Դիմադրության շարժման շարքերում: Եվ Ֆրանսիան առաջին երկրներից մեկն էր, որն ընդունեց Հայերի ցեղասպանությունը` չնայած առկա լուրջ դիմադրությանը, ասվում է ` «Vive La France» նախաձեռնող խմբի հաղորդագրության մեջ:

Հայ-ֆրանսիական ավանդաբար բարեկամական հարաբերությունները տարեցտարի ավելի ու ավելի են ամրապնդվում: Ֆրանսիան միշտ մեծ աջակցություն է ցուցաբերել մեր երկրին: Բազմահազարանոց հայ համայնքը միշտ ակտիվ դերակատարություն է ունեցել Ֆրանսիայի քաղաքական ու մշակութային կյանքում և բազմաթիվ հայեր մեծ հաջողությունների են հասել այդ երկրում: Մեր զգացմունքներն արտահայտելու համար երբեմն խոսքերը չեն բավականացնում և օգնության է գալիս երաժշտությունը: «Հայկական վեկտոր» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հանդես է եկել նախաձեռնությամբ և ստեղծել է «Vive La France» խումբը:

Ի հավաստումն մեր երկու ժողովուրդների ջերմ բարեկամության ստեղծվեց «Vive La France» երգը, որը կնպաստի մեր երկրների միջև առկա մշակութային կապերի ամրապնդմանը:

Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, խոսքերի հեղինակը` Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, երգը կատարում են հայկական էստրադայի աստղերը` Ինգա և Անուշ Արշակյանները, Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը, Ֆորշը, Հասմիկ Կարապետյանը, Անդրեն, Զարուհի Բաբայանը, Ալլա Լևոնյանը, Արթուր Իսպիրյանը, Արթուրը (Միստր Իքս), Նարինե Դովլաթյանը, Էմմին, Էմմա Ասատրյանը: Երգի հիման վրա ստեղծվում է նաև տեսահոլովակ, որի պրեմիերան տեղի կունենա 2012թ.-ի ապրիլի վերջին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---