Հայազգի աստղագետ Ալեքս Լազարյանը տոնում է ծննդյան 50-ամյակը

PanARMENIAN.Net - Այսօր ամերիկահայ աստղագետ Ալեքսանդր (Ալեքս) Լազարյանի ծննդյան 50-ամյակն է: Ներկայումս նա աշխարհի տարբեր երկրներում աշխատող հայազգի աստղագետների մեջ ամենաարդյունավետներից մեկն է: Լազարյանը 1986թ. ավարտել է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի աստղաֆիզիկայի ֆակուլտետը, 1988-ին էլ ավարտել է նույն ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնի մագիստրատուրան: 1995-ին Քեմբրիջի համալսարանի կիրառական մաթեմատիկայի ամբիոնում պաշտպանել է թեկնածուական թեզ: 1994-1998թթ. հետդոկտորական աշխատակցություններ է ունեցել Տեխասի և Հարվարդի համալսարաններում, Պրինստոնի համալսարանի աստղադիտարանում, ինչպես նաև Կանադայի տեսական աստղաֆիզիկայի ինստիտուտում: Ուսանողական տարիներին արժանացել է մի շարք մրցանակների. Լավագույն երիտասարդ գյուտարարի մրցանակ (1987), ԽՍՀՄ պատվավոր գյուտարարի մրցանակ (1987), Երիտասարդ գիտնականների համամիութենական մրցույթի հաղթող (1990-1991) և այլն: 1999-ից մինչ այժմ Վիսկոնսինի համալսարանի (Մեդիսոն, Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ) դոցենտ է: Գիտական աշխատանքները նվիրված են տեսական ֆիզիկային և աստղաֆիզիկային: Հրապարակել է ավելի քան 185 գիտական աշխատանք: Լազարյանը Միջազգային աստղագիտական միության, Ամերիկյան ֆիզիկական ընկերության և Ամերիկյան աստղագիտական ընկերության անդամ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---