ԵՄ-ն Հայաստանին արդյունավետ ընտրական վարչարարությունը խթանելու համար 1,7 մլն եվրո կտրամադրի

ԵՄ-ն Հայաստանին արդյունավետ ընտրական վարչարարությունը խթանելու համար 1,7 մլն եվրո կտրամադրի

PanARMENIAN.Net - Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը ստորագրել են երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր` խթանելու արդյունավետ ընտրական վարչարարությունը, որը նաև ներառում է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը նպաստող ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը, ինչպես նաև ընտրությունների հետ կապված այլ միջազգային ջանքերը:

Համաձայնագիրը նախատեսում է տրամադրել տեխնիկական, կրթական և տեղեկատվական աջակցություն Հայաստանի ԿԸՀ-ին` առաջիկա 2012 թ. խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև 2013թ. նախագահական ընտրությունների համար:

«Մտապահելով այն, որ իրական ընտրական բարեփոխումները և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կախված են հիմնականում դերակատարների քաղաքական կամքից ու ռեսուրսներից` միջազգային հանրության դերը` իր դրական ներգրավվածությամբ կարևոր ներդրում է` խթանելու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը` միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան», - նշել է Սորոկինը:

ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան ընդգծել է ԿԸՀ որոշիչ դերը` Հայաստանում ազատ և արդար ընտրությունների երաշխավորման գործում:

Այսօր կնքված համագործակցության համաձայնագրի հիմնական ոլորտները ներառում են` տեխնիկական սարքավորումների տրամադրում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի գործունեության բարելավման համար, ԿԸՀ-ի ներքին համակարգչային ցանցի արդիականացում, ընտրական վարչարարությամբ զբաղվող պաշտոնյաների և դիտորդների վերապատրաստում, ինչպես նաև ընտրողների տեղեկատվության և իրազեկության բարձրացման համար նյութերի պատրաստում:

Աջակցության հիմնական մասը կտրամադրվի 1,7 մլն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` ԵՄ ֆինանսավորմամբ: Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն այլ միջազգային գործընկերների հետ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---