27 ապրիլի 2012 - 14:01 AMT
Արթուր Պողոսյան. Կարող ենք ասել, որ «Ազգային պատկերասրահ» փառատոնն իսկապես սպասված է

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, որն այն տարի անցկացվելու է 8-րդ անգամ, հայ երաժշտասերների համար իրոք սպասված փառատոն է, մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Նրա խոսքով, փառատոնն իր ուրույն տեղն ունի նախարարության ծրագրերում:

Փառատոնի համահիմնադիր, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանն ուրախությամբ նշեց, որ այս տարի փառատոնը փորձելու է նորովի ներկայանալ հայ երաժշտասերներին, շատ են լինելու երիտասարդ կատարողներ:

Այս տարի, ավանդույթի համաձայն, ստեղծվել է փառատոնի նվագախումբը, որի ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի խոսքով, այս տարի այն ավելի է ընդլայնվել, և կամերայինից վերածվել է փոքր սիմֆոնիկ նվագախմբի:

Ապրիլի 28-ից մայիսի 26-ը տեղի է ունենալու «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը: Փառատոնը բաղկացած է լինելու 6 համերգներից, որի շրջանակում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերմանը (ԱՄՆ), «Ակլարդիոն» դուետը (Ռուսաստանի Դաշնություն), Եվգենի Վարավկոն (կլարնետ) և Մարիա Վլասովան (ակորդեոն), ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի ազգային օպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» համույթը (Վրաստան):

2012-ին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու և միջոցառման շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի ներգրավվածության կապակցությամբ, փառատոնն այս տարի կհյուրընկալվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Արդեն 7-րդ տարին անընդմեջ (2006-ից սկսած) ՎիվաՍել-ՄՏՍ-ը փառատոնի գլխավոր հովանավորն է: