27 ապրիլի 2012 - 15:53 AMT
Բրյուսովցիները ստեղծել են «Ազատ ուսանողների ֆորում»

Այսօր Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները բաց նամակ-կոչ են հղել ՀՀ բոլոր հասարակական կազմակերպություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և բոլոր իրավասու մարմիններին: Նամակում մասնավորապես ասված է. «Մենք`Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներս արդեն մի քանի օր է ոտքի ենք ելել և պահանջում ենք օրենքի գերակայություն: Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կողմից տեղի է ունեցել մեր համալսարանի ռեկտորի հեռացման կամայական որոշում, որից հետո ԵՊԼՀ ուսանողներիս մեծաքանակ բողոքը մինչ օրս մնացել է անպատասխան ՀՀ պատկան մարմինների կողմից: Մենք համարում ենք և համոզված ենք, որ խախտվել են մեր` ուսանողներիս իրավունքները, կոպիտ միջամտություն է տեղի ունեցել բուհի ինքնավար գործունեությանը: Անընդունելի փաստ և հանգամանք է նաև, որ ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը` քաղաքականացված խամաճիկ Հասմիկ Ափյանի գլխավորությամբ և ընդամենը 20 հոգանոց անփոփոխ ու «մշտակտիվ» խմբակով խոչընդոտում է մեր բողոքի ակցիաներին:

Նոր պաշտոնակատար` Գայանե Գասպարյանը, ով նշանակվելուն պես փորձում է ներքին կարգով ճնշում գործադրել մեզ վրա, չարաշահելով իր լիազորությունները և գիտական խորհրդի կանոնակարգի 17-րդ կետը՝ հրահանգել է անորոշ ժամանակով հետաձգել գիտական խորհրդի արտահերթ նիստը: Նա նաև լրատվամիջոցներում հայտարարել է. «3000 ուսանողների մեջ ընդամենը 30-50 հոգին դա ուսանողություն չի, եթե նրանք դասադուլ են հայտարարում, դա իրենց գործն է: Ես չեմ համարում, որ մեր ուսանողներն են դասադուլ հայտարարում»:

Ելնելով այս իրավիճակից`մենք համախմբվել և ստեղծել ենք «Ազատ ուսանողների ֆորում», որն իր առջև խնդիր է դրել վերականգնել արդարությունը»: