Հազարավոր կիլոմետրերը չեն խանգարում Հայաստանի և Ուրուգվայի իդեալական քաղաքական երկխոսությանը

Հազարավոր կիլոմետրերը չեն խանգարում Հայաստանի և Ուրուգվայի իդեալական քաղաքական երկխոսությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն այսօր ուրուգվայցի գործընկեր Լուիս Ալմագրոյի հետ համատեղ մամլո ասուլիսում նշել է, որ, չնայած նրան, որ Ուրուգվայը և Հայաստանը գտնվում են միմյանցից հազարավոր կիլոմետրերի հեռավարության վրա, նրանք բարեկամական երկրներ են: Նալբանդյանն ասել է, որ կարիք չկա հիշեցնել այն մասին, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա նաև շնորհակալություն է հայտնել նրա համար, որ Ուրուգվայը երկրորդ հայրենիք է դարձել Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի համար: Բացի դրանից, Նալբանդյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտաան հարաբերությունների 20-ամյակը:

«Այսօր մենք անդրադարձել ենք երկկողմանի հարցերի լայն շրջանակի՝ իրավական ոլորտում փոխազդեցության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման: Մենք նաև քննարկել ենք առողջապահության և զբոսաշրջության ոլորտներում փոխազդեցության հարցերը»,- ասել է Նալբանդյանը:

Նա նաև նշել է, որ իրենք քննարկել են մի շարք միջազգային և տարածաշարջանային հարցեր, և այդ քննարկման շրջանակներում Նալբանդյանն իր ուրուգվայցի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան գործընթացի շուրջ վերջին զարգացումները: Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի ԱԳՆ-ին ղարաբաղյան կարգավորման հարցում իրենց երկրի դիրքորոշման համար:

Իր հերթին Ալմագրոն նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Ուրուգվայի արտգործնախարարության առաջին ղեկավարը, ով այցելել է Հայաստան: Նա նշել է, որ Հայաստանը և Ուրուգվայն ունեն քննարկման ենթակա հարցերի լայն շրջանակ, առաջին հերթին տնտեսական համագործակցությունը խորացնելու ոլորտում: Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունների քաղաքական մակարդակն իդեալական է:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---