Գևորգ Հարությունյան. Արմավիրում ցորենի «գաճաճ» բերքի պատճառն անձրևների սակավությունն է

Գևորգ Հարությունյան. Արմավիրում ցորենի «գաճաճ» բերքի պատճառն անձրևների սակավությունն է

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նախարարությունը փորձագետների խումբ է գործուղել Արմավիրի մարզի Նոր-Կեսարիա համայնք, որպեսզի պարզեն օրերս բնակիչներից ստացած ահազանգի մանրամասներն այն մասին, թե ինչու է կառավարության կողմից 2011-ին տրամադրած ցորենի սերմացուն «գաճաճ» բերք տվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գյուղատնտեսության նախարարության բուսաբանության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատր Գևորգ Հարությունյանը` հավելելով, որ նախարարության աշխատակիցներն արդեն պարզել են, թե խնդիրն ինչումն է:

«Պատճառները եղանակային են: Անձրևները տևական չեն, խոնավությունը համապատասխան չի եղել, և բույսը ծարավ լինելով չի հասցրել նորմալ աճ տալ, ու դրա հետևանքով կարճ հասակում արդեն ձևավորվել է: Դա է խնդիրը», - իր խոսքում նշեց Հարությունյանը:

Բանախոսը նաև հավելեց, որ սերմացուները ներկրվել էին Ռուսաստանի Դաշնության այն նույն կազմակերպությունից, որտեղից բերվել էին անցյալ տարի և տվել գերազանց արդյունք:

«Սերմացուի անորակ լինելու մասին խոսք չի կարող լինել: Դրանք բոլորը ստուգվել են Հայաստան ներմուծվելուց և նորմալ ծլունակություն են ունեցել: Ստուգումները կատարել է Սերմերի գործակալություն ՊՈԱԿ-ը», - ասաց մասնագետը: Հարությունյանը նաև հավելեց, որ դեռ պարզ չէ, թե հարցն ինչ լուծում կստանա, քանի որ «նախարարությունում դեռ չեն հասցրել այն քննարկել, ահազանգը երկու-երեք օր առաջ է ստացվել»:

2011 թ. կառավարությունը գյուղացիական տնտեսություններին «ապառիկով» կարտոֆիլի, գարու և ցորենի սերմացու էր տրամադրել: Հավատալով խոստումներին` Նոր Կեսարիայի բնակիչները ձեռք էին բերել սերմացու: Աշնանը ցորենը ցանվել է և այժմ, երբ հասկերն արդեն մեծացել են` գյուղացիները պարզել են, որ խոստացված բարձր բերքի մասին մտածել անգամ հնարավոր չէ: Պատճառը պարզ է. Արարատյան հարթավայրում տեղական ցորենն արդեն բարձրացել է 30-40 սմ ու դեռ հասկ չի տվել, իսկ ներմուծվածը` 20-25 սմ-ից արդեն իսկ հասկ է տվել: Արմավիրի մարզի Նոր-Կեսարիա համայնքի բնակիչները համոզված են, որ ներմուծված ցորենի հասկերն էլ չեն բարձրանա և գաճաճ հասկեր կմնան, իսկ այդ պարագայում բերքահավաքն անհնար կլինի: Ըստ գյուղացիների, անգամ եթե բարձր բերքատվությունն ապահովվի, կեսից ավելի կորուստ կլինի, քանի որ կոմբայնի դանակը գաճաճ ցորենը կտրելու հնարավորություն չունի: Իսկ գյուղացին բերքահավաքից հետո սերմացուի գինը պետք է կրկնակի վերադարձնի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---