97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Գրառումներ Կաննի փառատոնից. Լիալուսին Բյուսը, Բռնապետ Քոենը և Մադագասկարի ծաղրածուները

Գրառումներ Կաննի փառատոնից. Լիալուսին Բյուսը, Բռնապետ Քոենը և Մադագասկարի ծաղրածուները

PanARMENIAN.Net - Իմ անունը Վահան Ստեփանյան է, ես PanARMENIAN Photo գործակալությունից եմ և մենք արդեն 2-րդ տարին անընդմեջ հայտնվում ենք Կաննի փառատոնի կիզակետում: Չեմ խոստանում, որ ամեն օր կգրեմ ու կպատմեմ տեղի ունեցածի մասին, քանի որ ես մեկն եմ, օրը 24 ժամ ունի, իսկ նկարելու համար շատ ավելին է պետք: Բայց երկու օրը մեկ, կարծում եմ, կկարողանամ կիսել տպավորություններս: Այնպես որ հետևեք, հարցեր տվեք… մենք ոչ մի մութ անկյուն չենք թողնի:

Կաննում ավելի ցուրտ է, քան անցյալ տարի, Կաննում ավելի շատ մարդ կա, քան անցյալ տարի, քանի որ փառատոնը հոբելյանական է: Սակայն նախկինի պես, Կաննում ամենից սպասվածն ու քննարկվողները Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին են:

Եվ այսպես, առաջի օրը ներկայացան ժյուրին ու փառատոնը բացող ֆիլմը: Ժյուրին իհարկե ԶԼՄ-ների համար ավելի քիչ հետաքրքիր է, քան նախորդ տարի: Դատեք ինքներդ՝ Նաննի Մորետտի+Դիանա Կրյուգեր+Էվան ՄըքԳրեգոր (2012) և Ռոբերտ դե Նիրո+Ումա Տուրման+Ջուդ Լոու (2011): Փոխարենն այս տարի կա նաև Ժան Պոլ Գոտյեն: Բայց քանի որ Մորետտին անցյալ տարի ֆիլմ էր ներկայացնում, արդեն սովոր էր թե «բռի լուսանկարիչներին», թե «անտակտ հարցերին», ուստի շատ լավ կարողանում էր նախագահել:

Ինչ վերաբերում է բացող ֆիլմին.. Ուես Անդերսոնի «Լիալուսնի թագավորությունն« իր աստեղային կազմով ապահովեցին հոբելյանական բացումը: Եվ ինչպես ֆիլմն էր բարի ու տարօրինակ, այնպես էլ «նրանք էին լավը…բայց ոչ տարօրինակ, այլ շատ ջերմ, բարեհամբույր ու համբերատար: 5-մետրանոց երկարությամբ և 4 շարք «խորությամբ» երկրպագուներից ոչ ոք դժգոհ չմնաց, որովհետև թե Բրյուս Վիլլիսը, թե Տիլդա Սվոնը, Բիլ Մյուրեյն ու Էվդարվ Նորթոնը…հերթով մոտեցան, շփվեցին… ստորագրեցին.. ու գնացին փառատոնը բացելու: Ֆիլմի կարմիր գորգին եկել էին նաև Եվա Լոնգորիան շատ երկար զգեստով և Եվա Հերցիգովան շատ կարճ զգեստով: Օրվա թեմաներից էր նաև Սաշա Բարոն Քոենը իր «Բռնապետի» շնորհանդեսով «Կառլտոն» հյուրանոցի լողափում: Երկար չպատմեմ…ուղղակի… Սաշա Բարոն Քոեն…ուղտեր, բարձր ծիծաղ, ակցենտով անգլերեն, աղմուկ-աղաղակ:

Երկրորդ օրն արդեն ամեն ինչ իր տեղն ընկավ: Ավելի շուտ ամեն ինչ իր հունով գնաց, բացի ժողովրդից, որը քայլում էր որտեղ պատահի, մեքենաների տակ ընկնելով: Պաշտոնական ծրագրում երկու ֆիլմ կա, որոնցից հետաքրքիր է առաջինը՝ Ժակ Օդիարի «Ժանգն ու ոսկորը» (Rust and Bone), որի գլխավոր դերակատարն է ֆրանսիացիների նոր ֆավորիտ Մարիոն Կոտիյարը: Նրան հաջորդեց եգիպտական ֆիլմը, իսկ այ հետո… հետո «Մադագասկար 3»-ի աստեղային կազմը որոշեց «շփվել» մարդկանց հետ: «Շփվելը» չակերտներով, քանի որ մարդկանց առաջ մեծ պատնեշներ էին դրել, դերասաններն էլ բարձրացել էին «Կառլտոնի» 2,5 մ բարձրություն ունեցող պատշգամբի վրա: Բացի այդ, մարդկանց դեռ կես ժամ առաջ հագցրել էին «ծաղրածուի մազեր», ինչը «Մադագասկար 3« հիմնական փիար տարրերից մեկն էր:

Այդքանից հետո շփումն, այնուամենայնիվ, տեղի ունեցավ. կազմը դուրս եկավ, մարդիկ աղաղակեցին...միմյանց ձեռքով արեցին, օդային համբույրներ ուղարկեցին...կազմը հեռացավ, մարդիկ էլ հետը: Բայց մի զավեշտալի միտում նկատվեց: Ֆրանսիացի երկրպագուների համար յուրաքանչյուր սևամորթ ամերիկացի դերասան Ուիլ Սմիթն է, իսկ գեղեցիկ դերասանուհի՝ Անջելինա Ջոլին: Եվ երբ երևաց Քրիս Ռոքը, մարդիկ բղավում էին՝ Ուիլ Սմիթ, Ուիլ Սմիթ, իսկ Ջեսիկա Չեսթեյնին տեսնելով, բացականչեցին՝ Անջելինա, Անջելինա:...Վաղը կարծես Մադագասկարի «գազանանոցը» պետք է հայտնվի կարմիր գորգին: Ի դեպ, Ուիլ Սմիթ բղավողներն ինչ-որ չափով ճիշտ էին, քանի որ Գլորիա գետաձին խոսում է Սմիթի կնոջ՝ Ջադա Փինկեթ Սմիթի ձայնով:

Դե, վերջ, վազեմ կարմիր գորգը նկարելու...Կարծես թե նորից անձրև է գալու:

Վահան Ստեփանյան, Զառա Բուդաղյան: / PanARMENIAN News
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---