Խաչատրյանի անվան տրիոն կթողարկի Արամ Խաչատրյանի անհայտ գործերի ձայնասկավառակը

Խաչատրյանի անվան տրիոն կթողարկի Արամ Խաչատրյանի անհայտ գործերի ձայնասկավառակը

PanARMENIAN.Net - Արամ Խաչատրյանի անվան տրիոն թողարկելու է մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի քիչ հայտնի ստեղծագործությունների ձայնագրություններով ձայնասկավառակը: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասացին տրիոյի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը և ջութակահար Կարեն Շահգալդյանը: Այն կոչվելու է «Արամ Խաչատրյան. Անհայտ էջեր», և լույս կտեսնի կոմպոզիտորի 110-ամյակին ընդառաջ (2013թ-ի հունիսի 6):

Արմինե Գրիգորյանը, որը նաև կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրենն է, պատմեց, որ Խաչատրյանին ճանաչում են մեծ կտավային ստեղծագործություններով, սակայն նա ունի բազմաթիվ կամերային ստեղծագործություններ:

Օրինակ` ռուս ալտահար Մաքսիմ Նովիկովն իր համերգային ծրագրերում ընդգրկել է կոմպոզիտորի Ալտի սոնատը, որի հետ ծանոթացել է թանգարանում, այն շատ քիչ է կատարվում:

Բացի այդ, տրիոն կթողարկի նաև Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունների սկավառակը: Թանգարանի միջոցներով մինչև տարեվերջ լույս է տեսնելու նաև Արամ Խաչատրյանին նվիրված լուսանկարչական ալբոմը:

Տրիոն կատարում է նաև Խաչատրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները փոխադրված եռյակի համար («Գայանե» բալետ, «Դիմակահանդես» և այլն):

Խաչատրյանի անվան տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես Arsika տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն ելույթ է ունենում մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների համար: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---