97  65-րդ Կաննի կինոփառատոնը

Կաննի կինոփառատոն, օր 9-րդ. Աստվածային շարժիչներ, Վայրի հրեշտակներ, գաղտնիքներ և «մոգական ռեալիզմ» մեքսիկական ձևով (վիդեո)

Կաննի կինոփառատոն, օր 9-րդ. Աստվածային շարժիչներ, Վայրի հրեշտակներ, գաղտնիքներ և «մոգական ռեալիզմ» մեքսիկական ձևով

PanARMENIAN.Net - Մայիսի 24` Կաննի կինոփառատոնի 9-րդ օր: Կաննում կրկին փոխվել է ֆավորիտների ցուցակը: Համաձայն փառատոնի շրջանակում հրապարակվող «Ֆիլմ ֆրանսե» ամսագրի` առաջատարների եռյակի մեջ մտել է ֆրանսիացի ռեժիսոր Լեո Կարակսի «Հոլլի Մոթորսը» կամ այլ կերպ ասած` «Աստվածային շարժիչները»: «Ֆիլմ ֆրանսե» ազդեցիկ պարբերականի հրապարակած վարկանիշում այդ ֆիլմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը հինգ առաջին և երեք երկրորդ տեղերով:

Ընդհանրապես «Աստվածային շարժիչները» միանգամայն հակասական գնահատականներ են ստացել Կաննի 65-րդ կինոփառատոնում. Ցուցադրությունից հետո դահլիճի մի մասն իր դժգոհությունն էր հայտնում սուլոցներով, իսկ մյուս մասը` հրճվանքով ծափահարում: Ինչպես գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, իր գեղարվեստական կոնցեպցիայով «Աստվածային շարժիչները» խիստ տարբերվում է մինչև հիմա ներկայիս փառատոնում ներկայացված բոլոր ֆիլմերից: Այն նույնքան խորհրդավոր է, որքան իր հեղինակը. Լեո Կարակսը (իսկական անունը` Ալեքս Դյուպոն) ծայրահեղ առանձնացված կյանք է վարում, գրեթե հարցազրույց չի տալիս, և ընդհանրապես նրա մասին քիչ բան է հայտնի:

Առաջատարների եռյակը

Ճիշտ է, առայժմ «Շարժիչներն» առաջ չեն անցնում արդեն չորրորդ օրը վարկանիշի առաջին տեղը զբաղեցնող ավստրիացի ռեժիսոր Միխաէլ Հանեքեի «Սեր» կինոժապավենից ութ առաջին և չորս երկրորդ տեղերով և ֆրանսիացի Ժակ Օդիարի «Ժանգ և ոսկորից» հինգ առաջին և յոթ երկրորդ տեղերով:

Վայրի հրեշտակը կարմիր ուղեգորգին

Քիչ ավելի ավագ սերունդը կհիշի 90-ական թվականներին հայտնի «Վայրի հրեշտակ» և «Հարուստ և հայտնիները» սերիալներն ու ուրուգվայցի դերասանուհի, գեղեցկուհի Նատալիա Օրեյրոյին: Եվ ահա Օրեյրոն հայտնվել է Կաննի կինոփառատոնի կարմիր ուղեգորգին, ինչը նրա համար առաջին հայտնությունն էր հանրության առաջ այս տարվա հունվարին առաջնեկի ծնունդից հետո: Իսկ վերջերս` մայիսի 19-ին, Նատալիան տոնեց իր 35-ամյակն ընտանիքի հետ միասին: Այժմ, ինչպես խոստովանել է դերասանուհին, ընտանիքն իր համար առաջին տեղում է: Այն բանից հետո, երբ 90-ականների աղջիկների կուռքը հայտնվեց հանրահայտ կարմիր ուղեգորգին, գրում են պարբերականները, թղթակիցներն անմիջապես նկատեցին, որ դերասանուհին բավական ծերացել է:

Նկատեցի՞ք: Այսօր սկանդալներից լավ պրծանք: Չնայած փառատոնի փակմանը դեռ երեք օր կա: Կարող ենք հասցնել…

Իսկ Կաննի 9-րդ մրցութային օրը շարունակեցին երկու ֆիլմեր` Լի Դենիելսի «Թղթակիցն» ու մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասի «Խավարից հետո լույսը»:

Ջենթլմենական հավաքածու Լի Դենիելսից

Ամերիկացի ռեժիսոր Լի Դենիելսի «Թղթակիցը» ֆիլմում խոսքը գնում է միջռասայական հարաբերությունների, միասեռ սիրո և սպանությունների մասին. «1969 թիվ, Լեյթլի` Ֆլորիդա: «Մայամի Թայմսի» թղթակից Ուորդ Ջենսենը (Մեթյու ՄակՔոնահի) գործընկեր-լրագրող Յարդլի Էյքմանի հետ իր հայրենի քաղաք է վերադառնում մի խորհրդավոր կնոջ խնդրանքով, որը նամակագրություն ունի մահապարտների խցում գտնվող կալանավորների հետ: Նրանք հետաքննում են Հիլարի վան Վետտերի (Ջոն Կյուսակ)` ալիգատորների որսորդի դեպքը, որին մահվան են դատապարտել` չունենալով բավականաչափ ապացույցներ: Ձգտելով բեկումնային հոդված գրել, որը կհեղաշրջի նրանց ողջ կարիերան, Ուորդն ու Յարդլին պրպտում են ողջ շրջակայքը Ուորդի կրտսեր եղբոր` Ջեքի (Զաք Էֆրոն) ընկերակցությամբ, որն այդ քաղաքում առաքիչ է աշխատում և սիրահարվում է Շառլոտային (Նիկոլ Քիդման): Հետաքննությունը նրանց Մոութ Քաունթի բանտից բերում է դեպի խուլ ճահիճներ, որտեղ գաղտնիքներն ավելի սոսկալի են դառնում: Խոնավ ու խեղդող Ֆլորիդայում նրանք համոզվում են, որ ճշմարտության որոնումները կարող են հղի լինել մեծ փորձանքներով»:

Ի դեպ, նախքան ֆիլմի ցուցադրությունը մամլո ասուլիսի ժամանակ Ջոն Կյուսակը, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, խոստովանել է, որ մեծ ուրախությամբ է չարագործ խաղացել. «Ինձ կարծես բաց էին թողել վանդակից: Երբ ես հանդիպեցի Լիի հետ, և մենք սկսեցինք քննարկել ֆիլմը, նա ասաց, որ իմ վերջին դերերն ինձ թույլ չեն տվել լիովին բացահայտել իմ հնարավորությունները: Երաժշտությո'ւն դերասանի ականջների համար: Իհարկե, ես համաձայնեցի»:

Էֆրոնն անդրավարտիքով և Քիդմանը Դենիելսի ձեռքերում

Իսկ Զաք Էֆրոնը, որը էկրանային ժամանակի մեծ մասն անցկացնում է միայն անդրավարտիքով` ուրախացնելով լրագրողներին, կատակով հայտարարել է, թե ինքը համասեռամոլ է, թեև նույն պահին նկատել է, որ վայելել է յուրաքանչյուր րոպեն, որը կարելի էր անցկացնել` զմայլվելով Նիկոլ Քիդմանով: Քիդմանն իր հերթին հաղորդել է, որ երազել է աշխատել Դենիելսի հետ և «հասկանալ, թե ինչի եմ ես ընդունակ նրա ձեռքերում»: Նա պատմել է նաև, որ ռեժիսորի խնդրանքով հաղորդակցվել է կանանց հետ, ովքեր նամակագրությամբ սիրավեպ են ունեցել կալանավորների հետ: Այդ կանանցից մեկը, ինչպես պատմել է Դենիելսը, իր հարազատ քույրն էր, որը ֆիլմում մարմնավորում է Շառլոտայի ընկերուհուն:

«Լիի հետ շատ հետաքրքիր է, ոչ մի դուբլ մյուսին չի կրկնում, մենք մշտապես փորձարկումներ էինք կատարում, նման էր լաբորատորիայի: Հա մեկ էլ նա անընդհատ ծիծաղում էր»,- հավելել է Քիդմանը:

Ռեյգադասի մեքսիկական միստիցիզմը

Երկրորդ ֆիլմը «Խավարից հետո լույսն» էր` մեքսիկացի ռեժիսոր Կառլոս Ռեյգադասի կիսաինքնակենսագրական ֆիլմը: Պատմության առանցքում Խուանն ու նրա ընտանիքն է, որոնք սովորել են քաղաքային կյանքին, բայց ապրում են մեքսիկական գյուղում: Գործողությունը, թերևս, չի հանգում միակ կետին քարտեզի վրա և բացի Մեքսիկայից տեղի է ունենում Մեծ Բրիտանիայում, Բելգիայում և Իսպանիայում` այն երկրներում և վայրերում, որտեղ եղել է ինքը` ռեժիսորը:

«Լռակյաց լույսի»` մեքսիկացի «մոգական ռեալիստի» նախորդ ֆիլմի ժամանակներից ի վեր հինգ տարի է անցել: Նոր կինոնկարը Ռեյգադասը երկար է ստեղծել, առանց շտապելու: Հնարավոր է, որովհետև ինքնակենսագրական է և պատմում է այն վայրերի, մարդկանց ու իրադարձությունների մասին, որոնք ձևավորել են ռեժիսորի աշխարհընկալումը: Ֆիլմում հայտնվում են նրա կինն ու երեխաները: Մոգական ռեալիզմն ու Ռեյգադասի համար ավանդական միստիցիզմը` բազմապատկված վավերագրական մոտեցումով և «օրագրայնությամբ», կարող են անսպասելի արդյունք տալ, գրում է «Русский репортер»-ը: Արդեն կանխատեսում կա, որ այդ ֆիլմն առանց մրցանակի չի մնա:

Ռեյգադասի չհասկացված միստիցիզմը

Դրա հետ մեկտեղ կան տեղեկություններ, որ պրոֆեսիոնալ հանդիսատեսը Ռեյգադասի ֆիլմը ցասումով ընդունեց: Ողջ ցուցադրության ընթացքում կինոնկարին ուղեկցում էին ծաղրական կատակները: Իսկ երբ երկուժամանոց տանջանքն ավարտվեց, լրագրողների շրջանում իրարանցում սկսվեց «Եվ ի՞նչ է նշանակում այս ամենը» հարցով:

Ռեյգադասը պնդում է, որ կինոնկարի հիմքում դրել է իր ճանապարհորդությունները Լատինական Ամերիկայով և, մասնավորապես, Մեքսիկայով: Բնանկարների` երբեմն լղոզված տեսարաններն իսկապես ապշեցնում են, բայց և ստիպում մտածել պլագիատի մասին: «Խավարից հետո լույսը» չափազանց նման է նախանցյալ Կաննի հաղթանակողին` Ապիչատպոնգ Վիրասետակուլի «Իր անցյալ կյանքերը հիշող քեռի Բունմին» ֆիլմին. նույն անիմաստությունը, նույն բողոքը «առականմանության» դեմև գրեթե նույնպիսի գեղեցիկ բնանկարներ, գրում է vokrug.tv-ն:

Օր 10-րդ` նախավերջին

Կաննի կինոփառատոնի 10-րդ մրցութային օրը կշարունակի Սերգեյ Լոզնիցայի «Մշուշում» ֆիլմը, որը Վասիլ Բիկովի համանուն վեպի էկրանավորումն է: Ռուս-գերմանա-լատիշա-բելոռուսա-նիդեռլանդական համատեղ արտադրության ֆիլմի գործողությունը տեղի է ունենում գերմանացիների կողմից օկուպացված Բելոռուսիայում 1942 թվականին` մի շրջանում, որը Լոզնիցան համարում է ամենակարևոր ու անհասկանալիներից մեկը հայրենական պատմության մեջ: Գլխավոր հերոսին` շրջիկ տեսուչին կեղծ մեղադրանքներ են ներկայացնում օկուպանտների հետ համագործակցելու վերաբերյալ, և նրա ագարակ երկու պարտիզաններ են գալիս, որպեսզի հաշվեհարդար տեսնեն:

Իսկ օրվա երկրորդ ֆիլմը կլինի Դևիդ Քրոնենբերգի «Կոսմոպոլիսը», որի գլխավոր դերում Ռոբերտ Պատինսոնն է, և որը պատմում է մի երիտասարդ մուլտիմիլիոնատեր Էրիկ Փեքքերի մեկ օրվա մասին` հագեցած անհավանական իրադարություններով և հանդիպումներով: Ֆիլմում նկարահանվել են նաև Սամանտա Մորտոնը, Ժուլյետ Բինոշը, Փոլ Ջիամատին, Մատյե Ալմարիկն ու այլք:

Մարինա Անանիկյան / PanARMENIAN News
28  17.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 1
25  18.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 2
31  19.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 3
24  20.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 4
31  21.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 5
22  22.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոն. Օր 6
33  23.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 7
42  24.05.12 - 65-րդ Կաննի կինոփառատոնը. Օր 8
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---