Երևանում ելույթ կունենա ճանաչված գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը

Երևանում ելույթ կունենա ճանաչված գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆը

PanARMENIAN.Net - Հունիսի 8–ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) որպես մենակատար ելույթ կունենա ժամանակակից ամենաճանաչված գերմանացի թավջութակահարներից մեկը` Ալեքսանդր Հյուլսհոֆը:

Համերգային ծրագիրը կներառի Էդուարդ Էլգարի «Հանդիսավոր քայլերգը» և Թավջութակի կոնցերտը: Ծրագրի 2-րդ մասում կներկայացվի Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան:

«Հյուլսհոֆը Գերմանիայում շատ կարևոր դիրք ունեցող և հարցեր որոշող երաժիշտ է: Նա կկատարի Էլգարի Թավջութակի կոնցերտը»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց Էդուարդ Թոփչյանը: Նրա խոսքով, մեկ տարի առաջ երաժիշտը կապ էր հաստատել իր հետ, համատեղ ելույթ ունենալու կապակցությամբ, բայց չհասցրեցին դա իրականացնել: Բացի այդ, ունեն համատեղ ծրագրեր Եվրոպայում:

Հյուլսհոֆը խոսելով իր տպավորությունների մասին ասաց. «Առաջին անգամ եմ Հայաստանում և առավոտյան փորձը տպավորիչ է. հրաշալի նվագախումբ է, շատ երաժշտական և մթնոլորտն էլ շատ լավն է: Մեծ սիրով սպասում եմ ելույթին»: Էլգարի կոնցերտը երաժիշտի համար ամենալավ կոնցերտներից մեկն է: Այն Էլգարի կյանքի վերջին տարիներին գրված գործերից է, և մենակատարի համար շատ հուզիչ է, որ նա ցանկացել է իր «հրաժեշտի ստեղծագործությունը» գրել թավջութակի համար:

Ալեքսանդր Հյուլսհոֆը որպես մենակատար հանդես է եկել Բրանդերբուրգի և Լիմբուրի սիմֆոնիկ, Չեխիայի ֆիլհարմոնիկ, Մարտինուի կամերային և այլ նվագախմբերի հետ: Ելույթներ է ունեցել Իսրայելում, Կորեայում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Մալազիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Բրազիլիայում և այլուր, Բեռլինի Ֆիլհարմոնիկի, Մյունխենի Herkulessaal, Ռոտերդամի de Doelen և այլ հեղինակավոր համերգասրահներում: Աշխարհի բազմաթիվ հայտնի փառատոների (Berliner Festwochen, Enescu Festival, Brahms Festival, Rheinischer Fruhling) միշտ սպասված հյուրերից է: Նրա ինչպես համերգները, այնպես էլ թողարկած ձայնասկավառակներն արժանացել են ունկնդրի և քննադատների բարձր գնահատանքին: Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ սա Հյուլսհոֆի առաջին ելույթն է: Թավջութակահարը, խոսելով իր երաժշտական նախապատվությունների մասին, ասաց, որ սիրում է սիմֆոնիկ և կամերային ժանրերը, սակայն կամերային երաժշտությունը կարևոր դեր է կատարում իր համար: Նա իր ցանկում հաճախ ընդգրկում է Հայդնի, Շումանի, Բրամսի, Շոստակովիչի և Պրոկոֆևի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---