Փոխվարչապետը Արմավիրում հետևել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին

Փոխվարչապետը Արմավիրում հետևել է առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի ընթացքին

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլում ընդգրկված կրթական հաստատություններ, ինչպես նաև ծանոթացել Համաշխարհային բանկի աջակցությամբ ոռոգման համակարգում իրականացվող ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին: Այս մասին հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ կառավարության 2012թ. մայիսի 24 -ի որոշմամբ ՀՀ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով Արմավիրի մարզին հատկացվել է 1,3 մլրդ դրամ: Այս փուլով ևս, ինչպես ծրագրի առաջին երկու փուլերով, հիմնական միջոցները կուղղվեն մարզի դպրոցների ու մանկապարտեզների վերանորոգմանը, որոշ համայնքներում նախատեսվում են նաև գազիֆիկացման և ջրամատակարարման ցանցի կառուցման, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքներ:

Մարզպետ Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ Ա. Գևորգյանն այցելել է Վաղարշապատի թիվ 1 դպրոց, Ներսիսյան վարժարան, ինչպես նաև Հայթաղ համայնքի դպրոց, ծանոթացել շենքային պայմաններին: Հայթաղի դպրոցի համար 70 մլն դրամ հատկացվել էր ծրագրի երկրորդ փուլով, վերանորոգման աշխատանքների շարունակման համար ևս 45 մլն դրամ նախատեսվել է երրորդ փուլով: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Բացի այդ, երրորդ փուլով 38,6 մլն դրամ է հատկացվել համայնքի խմելու ջրի ներտնտեսային ցանցի վերականգնման համար: Վաղարշապատի թիվ 1 դպրոցի, Ներսիսյան վարժարանի նորոգման համար ծրագրի երրորդ փուլով հատկացվել է համապատասխանաբար 51 և 38,6 մլն դրամ: Զեկուցվեց, որ այս հաստատություններում կատարվում են նախագծանախահաշվային աշխատանքներ` առաջիկայում շինարարությունն սկսելու համար:

Ակնալիճ համայնքի տարածքում Ա. Գևորգյանը ծանոթացել է Ստորին Հրազդան մայր ջրանցքի վերականգնման աշխատանքների ընթացքին: Նա տեղեկացվել է, որ արդեն կատարվել է աշխատանքների շուրջ 50 տոկոսը:

Աղավնատուն համայնքում Ա. Գևորգյանին ներկայացվել է 5,5 կմ երկարությամբ ներտնտեսային ցանցի վերականգնման ընթացքը: Աշխատանքների 80 տոկոսն արդեն կատարված է, և առաջիկայում համակարգը շահագործման կհանձնվի` նպաստելով ոռոգման արդյունավետության բարձրացմանը: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրով» մարզում ընդհանուր առմամբ կվերականգնվի 37 կմ ներտնտեսային ցանց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---