Հունիսի 10-ին Երևանում կկայանա «Կորեական ռապսոդիա» համերգային ծրագիրը

Հունիսի 10-ին Երևանում կկայանա «Կորեական ռապսոդիա»  համերգային ծրագիրը

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին Երևանում կկայանա համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: «Կորեական ռապսոդիա» համերգային ծրագիրը կանցկացվի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Ելույթ կունենան Կորեայի «Սլգիդունգ» հանրահայտ երաժշտական համույթը և Դրիֆթերզի անդամներից բաղկացած աշխարհի ամենանշանավոր և մրցանակակիր «Բիբոյ» մարտարվեստի «Կորեական նախագիծ» պարային համույթը: Համերգի նպատակն է մշակույթի միջոցով խթանել երկու պետությունների բարեկամությունն ու զարգացնել մշակութային կապերը:

Կորեական հիմնադրամի մոսկովյան գրասենյակի նախագահ Քիմ Հուեգիլը հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ համերգը հիմք կհանդիսանա 2 ժողովուրդների բարեկամության հաստատման համար: «Երևանում հանդես կգան կորեական 2 ամենահայտնի խմբերը, նրանք կներկայացնեն ազգային և ժամանակակից երաժշտություն և պարեր: Հույս ունեմ, որ հայերը կճանաչեն և կսիրեն մեր մշակույթը»,- ասաց Հուեգիլը:

Համերգի կազմակերպիչ և «Սլգիդունգ» համույթի ղեկավար Չոն Մույոնգն էլ նշեց, որ կորեացիներն ու հայերը երկար ու խորը պատմություն և մշակույթ ունեն, և այս համերգը կօգնի ավելի լավ ճանաչել միմյանց:

«Երկրների հարաբերությունների համար 20 տարին երիտասարդության և ավյունի ժամանակահատված է: Հույս ունեմ, որ մեր երկու երկրների փոխհարաբերությունները կշարունակվեն և խոր արմատներ կունենան»,- ասաց Հայաստանի մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---