Պարզվում է` ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը բաց նամակ էր հղել նախագահին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահական նստավայրի առաջ հունիսի 6-ին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Արումյանը, պարզվում է, նախքան ինքնահրկիզումը բաց նամակ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում, մասնավորապես, ասվում էր. «Բարև Ձեզ հարգելի Սերժ Սարգսյան, «Հավատանք, որ փոխենք» ձեր այդ կարգախոսին այսպես կարձագանքեմ, հավատացել եմ և այժմ աղքատների աղքատն եմ դարձել:

Հարգելի նախագահ, Ձեզ է գրում 5 փոքրիկ երեխաների, հաշմանդամ մի բալիկի հայր, մի մեծ ընտանիքի միակ հույս և կերակրող, չնայած արդեն ձեռքերս ինձ չեն ենթարկվում, քարի տակ են:

Ես ծնվել եմ ԼՂՀ-ում` Ստեփանակերտում, պապերս Գորիսի Տեղ գյուղից են, ասում են` նույնիսկ հեռավոր բարեկամներ ենք, կինս փախստական է, ունենք 11, 10, 6, 2 տարեկան և 1 ամսեկան հրաշք բալիկներ, տուն էլ նույնիսկ չունենք, բայց մենք հավատում էինք, որ ՀՀ-ն` հանձինս Ձեզ, կանգնած է մեր մեջքին, որ ՀՀ-ում երիտասարդ 34 ամյա բազմազավակ ծնողին մատով իսկ չեն դիպչի, բայց երևի թե խաբվել ենք, զուր ենք հավատացել:

Այժմ անցնեմ բուն թեմային…

Հարգելի նախագահ, ես այդ հավատով եմ 13 տարի (1998-2011 թթ.) ծառայել ՀՀ ոստիկանության շարքերում և իմ վերջին 3 տարիների ծառայության ընթացքում իմ նախկին ղեկավարությունը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, ինձ 5800 ժամ, 408 օր արտաժամ է աշխատացրել «մեռած հոգիների» փոխարեն, իսկ այժմ այդ «մեռած հոգիները» շարունակում են աշխատել և թոշակի գնալ, իսկ ՀՀ ոստիկանությունում էլ ուրանում են ինձ տալ իմ հավելավճարները (արտաժամյա): Իսկ այժմ իմ տունն իմ գլխին է քանդվում:

Ես այս մասին Ձեզ էլ եմ գրել և մի քանի անգամ հանդիպել Ձեր աշխատակազմի աշխատակից պարոն Սուջյանի հետ, նրան փաստեր և ապացույցներ եմ ներկայացրել, վերջինս խոստացավ, որ մի բան կանի, սակայն մինչև այսօր լռում է: Իմ այս գործով զբաղվում էր ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ ավագ քննիչ Պետրոսյան Գաբրիելը, նրան էլ եմ փաստեր և ապացույցներ ներկայացրել, սակայն չգիտես թե ինչու նա էլ մինչ այսօր` արդեն 7-8 ամիս լռում է:

Ճիշտ է 2011 թվականի հոկտեմբերից ես իմ կամքով եմ ազատվել, քանի որ վախենում էի դեպքերի հետագա իրադարձություններից, վախենում էի, որ օրենք պահանջելու համար հանկարծ գլխիս մի փորձանք կբերեն, և նույնիսկ երեխայիս որոշ ժամանակ չէի թողնում դպրոց գնա վախի մթնոլորտի պատճառով:

2010թ. հունվարի 17-ին ոստիկանության ՊՊԳՎ նորանշանակ պետ Ռոման Մկրտումյանը, տեսնելով, որ ես չեմ լռում, մի քանի անգամ դիմել է մամուլի օգնությանը և ինչ-որ տեղ տեսնելով և իմանալով ընտանիքիս և երեխայիս մասին, իմ նախկին պետին հրամայում է, որ ինձ որոշակի գումար տա և վերջինս ինձ 5000 ԱՄՆ դոլար է տալիս (1,93 մլն դրամ) 4,5 մլն դրամի փոխարեն: Այսինքն, 2,57 մլն դրամ քիչ են տալիս հերիք չէ, ինձ ասում են մի թղթի կտորի վրա ստացական գրիր, որ ոչ ինձանից, ոչ էլ ոստիկանությունից այլևս ոչ մի պահանջ չունես, որպեսզի տանք այդ գումարը: Ես էլ արդեն մի քանի ամիս լինելով անգործ՝ օգտվելով ոմանց օրենքի տգիտությունից, երեխաներս աչքիս առաջ սոված այդ պահին ստիպված համաձայնեցի: Ես այդ մասին մի նամակ էլ ՀՔԾ եմ ուղարկել, որտեղ գրել եմ որ 2,57 մլն դրամ քիչ են տվել, ինձ խաբել են, որ գրածս թուղթն էլ նույնիսկ անօրինական և ստացականի ձևով է եղել` առանց ոստիկանության որևէ մի կնիքի և ստորագրության: Նաև խնդրեցի, որ ինձ գրավոր պատասխանեն, սակայն արդեն 3-4 ամիս է` ոչ մի լուր:

Հարգելի նախագահ, խնդրում եմ Ձեզ ոստիկանապետի հետ խոսացեք, որպես բազմազավակ մի հոր հետ, թող իրենք էլ նորից հաշվեն և տեսնեն, թե ինչքան գումար, որ մնացել են ինձ պարտք, թող դա հաշվեն և տան, որը որ արդար և պատասխանատու աշխատանքիս շնորհիվ եմ վաստակել: Ես այսօր ո՛չ ողորմություն, և ո՛չ էլ փող եմ ուզում, այլ օրենքով ինձ հասանելիքը, այժմ էլ ինձ ոչ մի տեղ աշխատանքի չեն ընդունում, ոստիկանությունում էլ չեն վերականգնում, ասում են ի ծնե հիպերտոնիկ ես, ճնշում ունես, ասում են, բայց չեն ասում, որ եթե այդպես էլ է, ապա իրենք են ինձ գերծանրաբեռնված աշխատանքի արդյունքում այս օրը գցել, և դեռ հերիք չէ, բալեքիս հացն են ուտում, թող բկներին մնա, ուրիշ ոչինչ: Ուղղակի ես մի բան եմ հասկացել, որ նրանց օրենք իմացող պետք չէր. խանգարում էի և վերջ, ազատմանս զեկուցագիրն էլ ծիծաղի առարկա էր, նրանց հասցեին մեղադրանք, ոչ թե ազատման զեկուցագիր;

Պարոն նախագահ, դուք էլ եք հայր, պապիկ, և ես խնդրում եմ Ձեզ իմ բալիկներին պապիկի աչքով նայեք, օգնեք մեզ, ես դեռ 10 տարի պետք է պայքարեմ, բալիս բուժեմ, որ սկսի քայլել, ոչ թե գրկիս, կամ նստած, կամ հենակներով:

Խնդրում եմ, օգնեք, թող իմ հասանելիքը գոնե ինձ տան, որ գոնե առայժմ գոյատևենք, մինչև տեսնենք, թե իմ հավատն ինձ ուր կտանի: Եթե ցանկանում եք, ինձ կանչեք Ձեզ մոտ և ես Ձեզ կպատմեմ ինձ հետ կատարվող անօրենությունների մասին:

Հարգելի և մեծարգո իմ հայրենակից, իմ երեխաներիս պապիկ, ինձ հազար անգամ կներեք, խնդրում եմ Ձեզ, բայց ես անելանելիությունից ելնելով, սիրտս պայթելով մայիսի 4-ից որոշել եմ այնքան ժամանակ Ձեր նստավայրի դիմաց հացադուլ անել, մինչև որ արդարությունը վերականգնվի և այդ իմ քայլը ոչ այլինչ ընդունեք, քան ճարահատյալ երիտասարդ, բազմազավակ ծնողի մի հերթական քայլ, որը իր բալիկներին լավ պահելու և չարից հետ պահելու համար ամեն ինչ կանի, որովհետև եթե այսպես շարունակվի այն անգործության պայմաններում, իմ բալեքն ինձ կմեղադրեն, ավելի լավ է ես, քան նրանք, եթե մեղավոր եմ կամ զրպարտում եմ ՀՀ ոստիկանությանը, թող ինձ դատեն, գնդակահարեն, իսկ եթե ոչ, ապա թող իրենց ձեռքները դնեն իրենց իսկ խղճի վրա և իմ օրինական աշխատած հավելավճարներս ինձ տան»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---