4 սեպտեմբերի 2004 - 19:10 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ՆՈՐԱՆԱՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆՆ ԻՐ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Էվանսն այսօր իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առիթով` Ռ.Քոչարյանը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակի եւ զարգացման տեմպերի առթիվ: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ տնտեսական գործակցության խնդիրներին, ինչպես նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի շրջանակում փոխգործակցությանը: Դատապարտելով Հյուսիսային Օսիայում տեղի ունեցած ահաբեկչությունը` զրուցակիցները ընդգծել են, որ ներկա մարտահրավերների պայմաններում առանձնակի նշանակություն են ձեռք բերում անվտանգության խնդիրները: Հանդիպման ընթացքում շոշափվել են նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման, տարածաշրջանային անվտանգությանն ու համագործակցությանն առնչվող հարցեր: Այդ առիթով դեսպան Էվանսը նշել է, որ ԱՄՆ շահագրգռված է հարավկովկասյան տարածաշրջանի կայունությամբ ու անվտանգությամբ: