20 մարտի 2003 - 19:21 AMT
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Իրաքի դեմ ծավալված ռազմական գործողությունները կարող են ուժեղ երկրաշարժեր առաջացնել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Այսօր այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Երկրի սեյսմագիտության եւ ֆիզիկայի հայկական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը: Նրա խոսքերով, եթե ամերիկացիներն իրականացնեն այնպիսի ռմբակոծություններ, ինչպես Աֆղանստանում, այսինքն կիրառեն խորքային ռումբեր, իսկ նման ռումբեր, ամենայն հավանականությամբ, կնետվեն Իրաքի վրա, դա անխուսափելիորեն կառաջացնի երկրի կեղեւի տեղաշարժեր, որոնք կհանգեցնեն ողջ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության բարձրացմանը: Հայաստանը գտնվում է Ալպհիմալայան գոտու կովկասյան սեգմենտում: Այնտեղ են գտնվում նաեւ Թուրքիան, Իրանը եւ Հյուսիսային Կովկասի տարածաշրջանը: Գիտնականի կարծիքով, Իրաքի իշխանությունների կողմից այսօր մի քանի նավթային աշտարակների հրկիզումը նույնպես լուրջ փոփոխություններ կառաջացնի շրջակա միջավայրում, որը կարող է հանգեցնել կլիմայի փոփոխության: Իսկ եթե նավթային աշտարակների վրա նաեւ ռումբեր նետվեն, որի հավանականությունը ռազմական գործողության ընթացքում չափազանց մեծ է, դա անխուսափելիորեն կհանգեցնի «նավթի լցամղմանը ակտիվ խզվածք», ինչը նույնպես կարող է առաջացնել ուժեղ երկրաշարժեր, ընդգծեց սեյսմագետը: