11 հունիսի 2012 - 21:13 AMT
Բաքվում չեն ժխտում, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն կարող է հարված հասցնել Իրանին Ադրբեջանի ռազմաօդային կայաններից

«Ես չեմ կարող հաստատել կամ հերքել այն փաստը, որ Իսրայելի ՌՕՈՒ-ն ընդունակ է իրանական միջուկային օբյեկտներին հարված հասցնել Ադրբեջանի տարածքում գտնվող ռազմաօդային կայաններից»,- նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի Սփյուռքի հետ աշխատանքի պետական հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովը Իսրայել կատարած պաշտոնական այցի ժամանակ, հաղորդում է «Նաշե կաֆե» իսրայելյան պորտալը:

«Բոլոր այդ չստուգված հայտարարությունները ասեկոսեներ են, բայց ես չէի ուզենա ժխտել այդ տեղեկատվությունը: Մենք չէինք ուզենա, որպեսզի Իսրայելը ռմբակոծեր Իրանը, որտեղ մինչև 35 միլիոն էթնիկ ադրբեջանցի է բնակվում, որոնք կարող են տուժել Իսրայելի ՌՕՈՒ օդային հարձակման արդյունքում»,- ասել է Իբրահիմովը:

Ավելի վաղ պաշտպանական և տնտեսական թեմաներում մասնագիտացող Foreign Policy ամերիկյան հրատարակությունը հաղորդել է, որ պաշտոնական Բաքուն Իսրայելին թույլատրել է օգտվել ՌՕՈՒ հինգ լքված ռազմակայաններից, որոնք դադարել են գործել ԽՍՀՄ փլուզումից հետո: :