Նալբանդյան 106/1 հասցեի և հարակից շենքների բնակիչները բաց նամակով դիմում են վարչապետին

PanARMENIAN.Net - «Մեր քաղաքը» հասարակական նախաձեռնությանն են դիմել Երևանի Նալբանդյան 106/1 հասցեի և հարակից շենքների բնակիչները` հայտնելով, որ շարունակվում է ապօրինի շինարարություն իրականացվել այդ տարածքում և որ իրենք բաց նամակ են ուղարկում ՀՀ վարչապետին։ Նամակում մասնավորապես նշվում է.

Հարգելի պարոն վարչապետ.

Ցավոք, Ձեզ ուղղված վերջին նամակի պատասխանը, որը ստացանք Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Լ.Հակոբյանից, չէր պարունակում մեզ հուզող հարցերի պատասխանները: Դրանք ստանալու ակնկալիքով մենք այսուհետ որոշել ենք ընտրել բաց նամակներ հրապարակելու ճանապարհը, քանի որ պատկան մարմիններին մեր բազմաթիվ դիմումներին ստացվել են միայն ձևական պատասխաններ: Բացի այդ, հանրությունը, որի «բացառիկ գերակա շահից» ելնելով է նախատեսվում մեր բակի էլիտար շենքի կամ շենքերի շինարարությունը, պետք է որ հնարավորություն ունենա ևս հաղորդակից լինելու մեր պահանջներին և իրավասու մարմինների արձագանքին:

Դժվար չէ հասկանալ, թե ինչու բացառիկ գերակա հանրային շահի թիրախ ընտրվեց մայրաքաղաքի կենտրոնական մասում տեղակայված մեր բակը և այստեղ գտնվող ոստիկանության թիվ 1 մանկապարտեզը, որը քանդվեց և օտարվեց` խախտելով «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը: Առավել ևս, եթե «Ավագ Շին»-ի կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից մոտ 1800 քմ տարածք է հատկացվելու ոստիկանությանը: Անհասկանալի է այլ բան` ինչու պետք է արդյունքում տուժեն այս «ոստիկանապատկան» տարածքը շրջապատող շենքերի բնակիչները:

Արդեն այսօր, չնայած ամառվա տապին, մի քանի հազար մարդ ստիպված է ապրել փակ պատուհաններով, ինչը,սակայն,չի փրկում նրանց շինարարության արդյունքում բարձրացող աղմուկից և փոշուց: Իսկ շինարարության ավարտին էլ նրանք զրկվելու են լույսից, օդից, առանց ավելորդ աղմուկի ապրելու հնարավորությունից:

Պաշտոնական ատյանները պնդում են, որ այժմ բակային տարածքը չի համապատասխանում քաղաքաշինական և հակահրդեհային նորմերին: Մինչդեռ հասկանալի չէ, թե ավելացնելով բնակեցման խտությունը մի տարածքում, ուր շենքերի մուտքերը դուրս են գալիս դեպի բակ, ինչպես կարելի է ապահովել մարդկանց տարհանումը հրդեհի կամ այլ խոշոր աղետների դեպքում` խուսափելով հրմշտոցից և ավելորդ զոհերից:

1988 թ ավերիչ երկրաշարժից հետո մասնագետները կանխատեսում էին Երևանում ևս նման աղետի կրկնման հնարավորությունը: Այն առավել հավանական է թվում վերջին շրջանում մեր տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության կտրուկ բարձրացման պայմաններում: Մեր բակային տարածքում շինարարության հետ կապված մեր դիմումին ստացված ՍՊԱԾ պատասխանում նշվում է, որ Նալբանդյան 106/1-ի հարևանությամբ գտնվող բոլոր շենքերը կառուցվել են 1988 թ երկրաշարժից առաջ, չեն համապատասխանում սեյսմիկ շինարարության այսօրվա նորմերին և ամրացման կարիք ունեն: Սակայն փոխարենը 5-հարկանի շենքերի հարևանությամբ բարձրահարկ է կառուցվում, ինչն էլ ավելի է մեծացնում երկրաշարժի դեպքում մեր շենքերի փլուզման վտանգը:

Պարոն վարչապետ, վերջերս Բրյուսելում Դուք հայտարարեցիք, որ Հայաստանը նախընտրում է զարգացման եվրոպական ուղին:

Կարծում ենք, դա նշանակում է ոչ միայն եվրոպական ներդրումներ մեր երկրի տնտեսության մեջ, այլև մարդու այնպիսի տարրական իրավունքների պաշտպանության ապահովում, ինչպիսիք են անվտանգ և առողջ ապրելու իրավունքը: Համոզված ենք, որ ցանկության դեպքում կառավարությունը կարող է վերանայել հերթական «էլիտարը» կառուցելուն ուղղված իր որոշումը՝ հատկապես հաշվի առնելով կենտրոնի կետային կառուցապատման դադարեցման անհրաժեշտության մասին Ձեր հայտարարությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---