Փորձագետ Ֆերնան դը Վարենը հանդես կգա Երևանում Վահագն Չախալյանի գործին նվիրված զեկույցով

Փորձագետ Ֆերնան դը Վարենը հանդես կգա Երևանում Վահագն Չախալյանի գործին նվիրված զեկույցով

PanARMENIAN.Net - 2012թ. հունիսի 14–ին մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ, դոկտոր Ֆերնան դը Վարենը ներկայացնելու է իր կողմից պատրաստած «Ազգային փոքրամասնություն լինելու վտանգները. Մարդու իրավունքները և Չախալյանն ընդդեմ Վրաստանի» զեկույցը, որը նվիրված է ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ձերբակալության և դատավարության քաղաքական–իրավական ասպեկտներին, ասվում է «Երկիր» Հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների միության հայտարարության մեջ:

Զեկույցի ներկայացմանը հաջորդելու է քննարկում, որը վարելու է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Քննարկմանը կմասնակցեն նաև Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը և Ռազմավարական մշակումների կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք–Շահնազարյանը։ Միջոցառումը տեղի է ունենալու «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում, ժամը 11։00–ին։

Դոկտոր Ֆերնան դը Վարենը Պեկինի համալսարանի (Չինաստան), Պրետորիայի համալսարանի (Հարավային Աֆրիկա) և Մալդիվների ազգային համալսարանի Իրավունքի ֆակուլտետի հրավիրյալ պրոֆեսոր է` մարդու իրավունքներ առարկայի գծով։ Նա նաև Կանադայի Մոնքթոնի համալսարանի Լեզվական իրավունքների միջազգային օբսերվատորիայի գիտական խորհրդական է։ Դր. դը Վարենին բակալավրի աստիճան է շնորհվել Մոնքթոնի համալսարանի (Կանադա), իրավագիտության մագիստրոսի աստիճան` Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի և իրավագիտության դոկտորի կոչում` Մաասթրիխթի համալսարանի (Նիդեռլանդներ) կողմից։

Որպես ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքի փորձագետ` նա 2004-ին արժանացել է Լինգվապաքս (Linguapax) մրցանակին (Բարսելոնա, Իսպանիա) ի նշան լեզվական բազմազանության և բազմալեզու կրթության բնագավառում նրա կատարած աշխատանքի։ Դր. դը Վարենը լեզվական և փոքրամասնությունների իրավունքների խնդիրներին վերաբերող 5 մենագրությունների, շուրջ 150 գիտական հոդվածների, և 26 լեզուներով հրատարակված զեկույցների հեղինակ է։ Դր. դը Վարենի ժամանակագրական առումով վերջին աշխատանքներից է բնիկ ժողովուրդների լեզվական իրավունքների մասին զեկույցը, որը նա պատրաստել է 2012թ. ՄԱԿ–ի Բնիկ ժողովուրդների իրավունքների գծով փորձագիտական կառույցի համար։

Դր. դը Վարենը նաև համագործակցել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ, որոնցից են Փոքրամասնությունների իրավունքների գծով ՄԱԿ–ի աշխատանքային խումբը, ՅՈՒՆԵՍԿՈ–ն ու ԵԱՀԿ–ն։ Նա հանդիսանում է լեզվական իրավունքների գծով Լինգվապաքսի (Բարսելոնա, Իսպանիա) աշխատանքային խմբի նախագահը, Մարդու իրավունքների և իրավագիտության Ասիա–Խաղաղօվկիանոսյան ամսագրի (Asia-Pacific Journal on Human Rights and the Law) գլխավոր խմբագիրը, ինչպես նաև ընդգրկված է աշխարհի այլ բազմաթիվ ամսագրերի և հետազոտական կառույցների խորհրդակցական խմբերում։

ԵԱՀԿ ազգային փոքրամասնությունների գծով նախկին գերագույն հանձնակատար Մաքս վան դեռ Սթուլի պաշտոնավարման ընթացքում պարոն դը Վարենը մասնակցել է ԵԱՀԿ հովանու ներքո ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող մի շարք ազդեցիկ փաստաթղթերի մշակման աշխատանքներին։ Այդ փաստաթղթերից են Ազգային փոքրամասնությունների լեզվական իրավունքների գծով 1998թ. Օսլոյի և Հասարակական-քաղաքական կյանքին ազգային փոքրամասնությունների արդյունավետ մասնակցության մասին 1999թ. Լունդի հանձնարարականները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---