Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս 12:00-17:00–ը չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս 12:00-17:00–ը չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո

PanARMENIAN.Net - Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ, օգտագործել սովորականից շատ հեղուկներ`օրական մոտ 3 լիտր: Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել` ջուր, կաթնամթերք` թան ու մածուն։

Օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ դրանից մի փոքր ավելի հովացրած` այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել։ Չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում։ Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապեղ մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը։ Հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել, հետևել ձեռքերի հիգիենային, լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ։ Արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում։ Ամենօրյա աշխատանքները հնարավորինս կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից։ Պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա։ Այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան։ Սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող ջրով, սննդամթերքը պահել պատշաճ ջերմաստիճանային պայմաններում` սառնարանում, ընտրել թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք։ Խուսափել բացօթյա պայմաններում` մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիք, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---