Սեպտեմբերին 15-23-ը Բյուրականում կանցկացվի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը

Սեպտեմբերին 15-23-ը Բյուրականում կանցկացվի երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-23-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, որը բյուրականյան ամառային դպրոցների շարքում արդեն 4-րդն է: Հայկական աստղագիտական ընկերությունը հաղորդում է, որ այս անգամ դպրոցն անցկացվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Դպրոցը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի և Հայկական աստղագիտական ընկերության կողմից: Դպրոցին հրավիրվել են Միջազգային աստղագիտական միության նախագահ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), հնդիկ նշանավոր տիեզերաբան Ջայանթ Նարլիկարը, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսորներ Երվանդ Թերզյանը և Ռիչարդ Լովելասը, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) և այլք։

Դպրոցին կմասնակցեն Հայաստանի, Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և ԱՊՀ երկրների մոտ 30 ուսանողներ: Դասախոսվող և քննարկվող թեմաներն են լինելու ցամաքային և տիեզերական աստղադիտակները և դիտողական տեխնիկան, համակարգիչները և տվյալների մշակման համակարգերը աստղագիտության մեջ, աստղագիտական կատալոգները, շրջահայությունները, տվյալների շտեմարանները և Վիրտուալ աստղադիտարանները, զանազան եղանակներով մոլորակների, աստղերի, միջամածությունների և գալակտիկաների ուսումնասիրությունները, պատմա-աստղագիտությունը և աստղագիտական ժառանգությունը:

Դասախոսություններից բացի մասնակիցների համար կկազմակերպվեն գործնական պարապմունքներ, դիտումներ և դրանց արդյունքների մշակում, ծանոթություն աստղադիտարանի աշխատանքներին և շրջագայություններ Հայաստանում: Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան նաև մասնակցելու Վիկտոր Համաբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման սեպտեմբերի 18-ին կայանալիք արարողությանը և «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով սեպտեմբերի 25-28-ին կայանալիք միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական և ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---