Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էկվադորի նորանշանակ դեսպանին

Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էկվադորի նորանշանակ դեսպանին

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Էկվադորի նորանշանակ դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալային: Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ մեծ ներդրում կունենա կրթության և գիտության ոլորտում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար կրթության ոլորտի զարգացումը գերակա ուղղություններից մեկն է` այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը համագործակցում է Լատինական Ամերիկայի առայժմ երկու պետության` Արգենտինայի և Չիլիի հետ և հույս հայտնել, որ հետայսու ամուր հիմքեր կդրվեն նաև Էկվադորի հետ հնարավոր համագործակցության դաշտում: Արմեն Աշոտյանը դեսպանին ներկայացրել է Հայաստանի կրթության ոլորտի գերակայությունները, մասնավորապես, կրթության հասանելիության, որակի, իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների համատեքստում: Կրթության և գիտության ոլորտում երկրների միջև սահմանները հեշտ են քանդվում», - նշել է նախարարի պաշտոնակատարը` հույս հայտնելով, որ միջբուհական համագործակցությունը և փորձի փոխանակումը ազդակ կհանդիսանան արդյունավետ համագործակցության համար:

Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը նշել է, որ Էկվադորը կարևորում է կրթության և գիտության դերը երկրի զարգացման գործում, և այդ ուղղությամբ վերջին տարիներին, ըստ դեսպանի, էկվադորը հսկայական առաջընթաց է արձանագրել, մասնավորապես, գիտելիքի արժևորման, կրթության որակի, մտածելակերպի փոփոխության տեսանկյունից: Դեսպանը, ներկայացնելով կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ընդգծել է, որ ինչպես աշխարհի տարբեր երկրներում, այնպես էլ Էկվադորում այդ գործընթացները միշտ չէ, որ հանրային լայն աջակցություն են ունենում, որովհետև դրանց արդյունքը տեսանելի է լինելու տարիներ, երբեմն նաև տասնամյակներ անց: Դեսպան Պատրիսիո Ալբերտո Չավես Սավալայը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության հիմք կդրվի, միաժամանակ տեղեկացնելով, որ Երևանում արդեն հասցրել է հանդիպումներ ունենալ գիտության ու կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ, ծանոթացել առկա գիտական ներուժին և տպավորվել որոշակի ցուցանիշներով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---