Քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է Նոր Նորքի 1-ին զանգվածի այգում շինարարության վերաբերյալ

Քաղաքացիական նախաձեռնությունն ահազանգում է Նոր Նորքի 1-ին զանգվածի այգում շինարարության վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում նախաձեռնությունն ահազանգում է Նոր Նորքի 1-ին զանգվածի այգում շինարարության վերաբերյալ:

Նամակում, մասնավորապես նշվում է. «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքները, զբոսայգիներն ու պուրակները գնալով ավելի հաճախ են զոհ դառնում կառուցապատման եւ բնության հանդեպ անխնա վերաբերմունքին, որն արժանանում է Երևանի բնակիչների դժգոհությանն ու բացասական արձագանքին:

Արդեն 4 օր է, ինչ Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգում ընթանում են կառուցապատման աշխատանքներ:

Տարածքում կա ցուցանակ շինարարության թույլտվության մասին՝ տրված Երևանի քաղաքապետարանի կողմից, սակայն այն բավարար տեղեկատվություն չի պարունակում, ուստի հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ եւ 9-րդ հոդվածների պահանջները, խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում մեզ տրամադրել հստակ եւ մանրամասն տեղեկատվություն հետեւյալ հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում կցել որոշումների եւ նախագծերի պատճեններ.

1) Ե՞րբ և ո՞ր իրավական ակտի հիման վրա է Երևան քաղաքի Նոր Նորքի առաջին զանգվածի Նանսենի անվան զբոսայգու մաս հանդիսացող տարածքի նպատակային եւ գործառնական նշանակությունը փոփոխվել, արդյոք այն համապատասխանո՞ւմ է Երևանի գլխավոր հատակագծին եւ հայեցակարգին:

2) Ե՞րբ են կատարվել հողհատկացումները, ի՞նչ իրավական ակտերով, որքա՞ն մակերեսով, ի՞նչ նպատակով, ի՞նչ իրավունքով եւ որքա՞ն ժամկետով, եւ ամենակարեւորը` ո՞ւմ է հատկացվել:

3) Քաղաքաշինական ի՞նչ ծրագրային փաստաթղթերի հիման վրա են ընդունվել հողհատկացումների վերաբերյալ որոշումները:

4) Կա՞ն, արդյոք, ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, քաղաքաշինական փորձաքննության եզրակացություններ եւ շինարարության թույլտվություններ տվյալ թանգարանի համար:

5) Արդյոք իրականացվե՞լ է հասարակության ծանուցում եւ քննարկում տվյալ տարածքում կենսագործունեության փոփոխություն ակնկալող քաղաքաշինական գործունեության վերաբերյալ, եթե այո, ապա` ե՞րբ, ո՞ր լրատվամիջոցներով, ո՞ւմ մասնակցությամբ (խնդրում ենք կցել հանրային քննարկման արձանագրության պատճենը):

6) Ո՞ր իրավական ակտի հիման վրա է հաստատվել բուն թանգարանի նախագիծը (ինչ է ներկայացվելու թանգարանում, ինչ բովանդակային լուծումներ են տրվելու եւ ո՞վ է պատասխանատու այդ ամենը մշակելու համար):

7) Արդյոք կա՞ն խնդրին առնչվող այլ մարմինների, մասնավորապես՝ ՀՀ Մշակույթի նախարարության կամ մշակութային հարցերով պատասխանատու տարածքային մարմինների եզրակացությունները թանգարանային նախագծի վերաբերյալ:

Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում ենք գրավոր տեղյակ պահել մերժման հիմքերի մասին եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող ենք ուղղել հարցումը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---