ՀԱԿ-ի ղեկավար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների վերջին համատեղ հայտարարության ոճն ավելի կոշտ է

ՀԱԿ-ի ղեկավար. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների վերջին համատեղ հայտարարության ոճն ավելի կոշտ է

PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով հանրահավաքի ժամանակ Երևանում` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների համատեղ հայտարարությունը Լոս-Կաբոսում (Մեքսիկա)` ընդգծելով, որ Հայաստանի իշխանությունները սխալ են հասկացել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների ուղերձը:

Նրա խոսքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների վերջին համատեղ հայտարարության ոճն ավելի կոշտ է, քան նախորդների դեպքում: «Կարծես ուսուցիչները խոսում են մեղավոր երեխաների հետ»,- նշել է Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով` ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները վրդովված են այն բանից, որ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը «վճռական քայլեր չեն կատարել», որոնք ձեռնարկելու կոչով իրենց երկրները հանդես են եկել Դովիլում, այլ կերպ ասած, վերջիններս չեն արձագանքել այդ կոչին; Հայաստանի և Ադրբեջանի նախագահները չեն կատարել նաև Հիմնարար սկզբունքների համաձայնեցումն արագացնելու վերաբերյալ 2012թ. հունվարի 23-ին Սոչիում ստանձնած իրենց պարտավորությունը; շարունակել են բանակցություններում պաշտպանել սեփական մաքսիմալիստական դիրքորոշումները; խստորեն չեն պահպանել 1994թ. հրադադարի համաձայնագիրը և վերջապես չեն խուսափել լարվածություն առաջացնող թշնամական հռետորաբանությունից։

Տեր-Պետրոսյանը նշել է, որ Արևմուտքի պաշտոնական շրջանակներին մոտ որոշ փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ Մինսկի խումբը չի արդարացնում իր վրա դրված հույսերը, և անգամ նրա աշխատանքի կարճաժամկետ դադարեցումը կարող է դրական արդյունքների հանգեցնել:

ՀԱԿ-ի ղեկավարը հավելել է, որ այդ փորձագետները գտնում են, թե հարկավոր է հրաժարվել միջնորդական գործողություններից և ուժեղ արտաքին ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի հաշտության պայմանագիր ձեռք բերվի: Որպես օրինակ նրանք, Տեր-Պետրոսյանի խոսքով, բերում են Բոսնիայի վերաբերյալ դեյտոնյան համաձայնագիրը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---