1 հուլիսի 2012 - 16:38 AMT
Նեթանյահուն Եգիպտոսի նոր նախագահին կոչ է արել պահպանել երկրների միջև առկա հաշտության պայմանագիրը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն Եգիպտոսի նոր նախագահ Մոհամմեդ Մուրսիին կոչ է արել պահպանել երկրների միջև առկա հաշտության պայմանագիրը: Այդ մասին ասվում է նամակում, որը Իսրայելի կառավարության ղեկավարը հղել է եգիպտական առաջնորդին, հաղորդում է Al-Arabiya-ն՝ հղում տալով իսրայելյան ԶԼՄ-ներին:

Ուղերձում Նեթանյահուն ընդգծել է իր երկրի ձգտումը՝ շարունակելու Եգիպտոսի հետ համագործակցությունը և օժանդակելու խաղաղ հարաբերություններին: Իսրայելի վարչապետի կարծիքով՝ 1979թ. հաշտության պայմանավորվածությունների պահպանումը բխում է ինչպես Կահիրեի, այնպես էլ Երուսաղեմի շահերից, հաղորդում է ՌԲԿ-ն:

Բացի այդ, նամակում Իսրայելի կառավարության ղեկավարը շնորհավորել է Մուրսիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ողջունել երկրում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: