«Չենք լռելու»-ն առաջարկում է վաճառել «Հարսնաքարը», իսկ գումարը հանձնել Ավետյանի ընտանիքին

«Չենք լռելու»-ն առաջարկում է վաճառել «Հարսնաքարը», իսկ գումարը հանձնել Ավետյանի ընտանիքին

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ` հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժանաբար ծեծի ենթարկված, և օրերս մահկանացուն կնքած բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունից հետո: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամներն այսօր մասնակցել են Վահե Ավետյանի հուղարկավորությանը` սգո և ցասման մի արարողության, որը ապացուցելու եկավ այս օրերին լրագրողներից մեկի կողմից հնչեցված միտքն այն մասին, որ «հայերի վառոդանոթում դեռ վառոդ կա»:

Նախաձեռնության անդամները միակն էին, ում տիտանական ջանքերի գնով ծեծի առաջին իսկ օրը` հունիսի 18-ին, հաջողվեց ներս թափանցել կենտրոնական հոսպիտալի ռեանիմացիա և նկարահանել Ավետյանի վիճակը: «Չենք լռելու»-ի հայտնի տեսագրությունը Վահե Ավետյանի կենդանի օրոք արված վերջին վավերագրությունն է և միակը` ծեծի ենթարկվելուց հետո: Տեսանյութի տարածումից անմիջապես հետո ՊՆ-ն ամեն ինչ արեց Ավետյանի մոտ լրագրողների մուտքը արգելելու ուղղությամբ:

Ռուբեն Հայրապետյանը, ում մեղքը Ավետյանի սպանության մեջ կասկածի առիթ չի թողնում, այս օրերին քար լռություն է պահպանում: Քանի Հայաստանում իշխում են օլիգարխները և չկա համաժողովրդական ցասում, նա պատասխանատվության չի կանչվի և կշարունակի ապրել շեյխի կյանքով, իսկ Վահե Ավետյանի ընտանիքն իր մեղքով արդեն քանդված է:

«Չենք լռելուն» պահանջում է Ռուբեն Հայրապետյանից վաճառել իր` «Հարսնաքար» անունով սպանդանոցը և փոխանցել վաճառքից ստացված գումարը Ավետյանի ընտանիքին: Դա կլինի այն նվազագույն բանը, որ կարող է այժմ անել Ռուբեն Հայրապետյանը»,-նշված է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---