Հայաստանի Հանրայի՞ն թե հակահանրային հեռուստատեսություն

Հայաստանի Հանրայի՞ն թե հակահանրային հեռուստատեսություն

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին մեկնարկեցին Լոնդոնի ХХХ Օլիմպիական խաղերը և մինչ օգոստոսի 12-ը ողջ աշխարհի երկրպագուների ուշադրությունը, որոնց չի հաջողվել հայտնվել լոնդոնյան տրիբունաներում, սևեռված կլինի հեռուստաէկրաններին՝ նրանք կերկրպագեն իրենց մարզիկներին, կհրճվեն նրանց հաջողություններով ու կտխրեն պարտությունների ժամանակ:

Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը (ՀՀՀ) ձեռք է բերել Օլիմպիադան ցուցադրելու իրավունքը, երկրպագուներն ուրախացան, որ կարող են ուղիղ եթերում հետևել ինչպես հայ, այնպես էլ աշխարհի լավագույն մարզիկների ելույթներին վերջին 4 տարվա ամենախոշոր մրցումներում: Սակայն, նրանց տհաճ անակնկալ էր սպասում՝ նույնիսկ հանուն Օլիմպիադայի, որն անցնում է 4 տարին մեկ, ՀՀՀ-ն մտադիր չէ զոհաբերել իր «սիրած» սերիալներն ու ծրագրերը: Ուստի, այն երկրպագուները, որոնք չունեն արբանյակային կամ կաբելային հեռուստատեսություն, ստիպված են հետևել Օլիմպիադային ինտերնետով՝ տարբեր լրատվական գործակալությունների ու մարզական կայքերի միջոցով: Հարց է առաջանում՝ էլ ինչո՞ւ էր ՀՀՀ-ն Օլիմպիադան ցուցադրելու իրավունք գնում:

Սակայն, նշենք, որ Օլիմպիադան ուղղակի ավելի հստակ ցույց տվեց, թե որոնք են իբր թե «հանրային» հեռուստատեսության աշխատանքի գերակայությունները: Ազգային արժեքներ և առողջ ապրելակերպ քարոզելու փոխարեն (կարծում ենք, բոլորը կհամաձայնվեն, որ սպորտի ցուցադրումը նպաստում է դրան), ՀՀՀ-ն հրամցնում է հանդիսատեսին ցածրորակ սերիալներ ու երաժշտական ծրագրեր: Ընդ որում, եթե մասնավոր հեռուստատեսություններն, որպես արդարցում, կարող են ասել, թե «բիզնես է, ոչ մի անձնական բան», ապա ՀՀՀ-ն, որ ֆինանսավորվում է պետության կողմից, հետևաբար և մեր բոլորիս՝ հարկատուների հաշվին, այնուամենայնիվ պետք է մտածի, թե ինչ է ցույց տալիս և ինչ է սովորեցնում հանրությանը:

Առայժմ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ՀՀՀ-ն մյուս հեռուստաալիքների հետ միասին, սերտորեն աշխատում է մեր հանրության դեգրադացիայի ուղղությամբ՝ վերածելով Հայաստանն ինչ-որ լատինամերիկյան «բանանային հանրապետության»: Ի դեպ, այնտեղ ևս հեռուստատեսության և հանրության շրջանում իշխում են սերիալները:

Այն մասին, թե ուր է հասել մեր հանրությունը հայրենական հեռուստատեսության միջոցով, վկայում է այն փաստը, որ ներկայացնելով կառավարության առաջիկա տարիների ծրագրերը, երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը որպես ազգային արժեքների քարոզչության միջոց նշեց նաև սերիալները: Ցանկություն է առաջանում հարցնել վարչապետին՝ իսկ նա տեսե՞լ է, թե ինչ սերիալներ են մեզ մոտ նկարահանվում, և ի՞նչ է ցուցադրում հայկական հեռուստատեսությունը:

Մտորումների տեղիք տվեց նաև հայկական սերիալներում բռնությունների դեմ ուղղված բողոքի ակցիան, որ ուրաբթ օրը կազմակերպել էր «Հասարակությունն առանց բռնության» ՀԿ-ն: Պարզվում է, Հայաստանի ամենավարկանիշային՝ «Արմենիա» հեռուստատեսության ցուցադրական «Դժվար ապրուստ» սերիալում 730 րոպեից 328-ում՝ 60 տոկոս, բռնության տեսարաններն են կանանց հանդեպ, նրանց լացն ու դեպրեսիան: «Արմենիան» գոնե մասնավոր հեռուստաալիք է, իսկ ինչ ասել ՀՀՀ-ի դեպքում, որը նույնպես լցրել է եթերը ցածրորակ սերիալներով, ինչո՞վ են այստեղ առաջնորդվում:

Չէի ցանկանա կանգ առնել Հ-1-ի աշխատանքի մյուս կողմերի վրա, օրինակ, Հայաստանի մասնակցությանը Եվրատեսիլին, որը մշատպես տարբեր սկանդալներով է ուղեկցվում: Օրինակ, ինչի՞ հիման վրա են ընտրվում մասնակիցները: Հիշեցնեմ միայն Էմմիի ելույթի պատմությունը 2011թ.: 2010թ. սկանդալից հետո, երբ ՀՀՀ-ն մասնակցությունը խոստացել էր Էմմիին ու Միհրանին (հետաքրքիր կլիներ իմանալ, թե որքան հեշտ են կուլուարներում նման խոստումներ տրվում ու հարցեր լուծվում), բայց հաղթեց Եվա Ռիվասը, հասարակության շրջանում լուրեր տարածվեցին, որ ՀՀՀ-ն խոստացել է Էմմիին ու նրա մորը՝ Նադեժդա Սարգսյանին, որ հաջորդ տարի Եվրատեսիլին կմասնակցի Էմմին, որ նրանք լռեն ու դատարան չդիմեն՝ չհրապարակելով ՀՀՀ խոստումները: Եվ Նադեժդա Սարգսյանը, և ՀՀՀ ղեկավարությունը երդվում էին, որ ոչ մի նման բան չի եղել, սակայն արդյունքն ակնհայտ է՝ անկախ բոլոր հայտարարություններից, որ նա այլևս երբեք չի մասնակցի Եվրատեսիլին, Էմմին մեկնեց Դյուսելդորֆ և խայտառակ ձախողում ունեցավ՝ նույնիսկ չկարողանալով դուրս գալ եզրափակիչ: Այս պատմությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հայ հումորիստների հայտնի կատակի դառը ճշմարտությունը՝ «կարևոր է, թե շենքում ինչ են խոսում»:

Ահա այսպիսի պատմություններից հետո ակամայից միտք է ծագում՝ իսկ գուցե՞ մեր հեռուստատեսությունը ոչ թե Հանրային է, այլ Հակահանրային: Չէ որ այլ կերպ ՀՀՀ քաղաքականությունը և այն, ինչ հրամցվում է հայ հանդիսատեսին, չես բացատրի:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---