Սամվել Գևորգյան. Խոստանում եմ, որ Արթուր Ալեքսանյանը 2016 թվականի Օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճելու

Սամվել Գևորգյան. Խոստանում եմ, որ Արթուր Ալեքսանյանը 2016 թվականի Օլիմպիադայում ոսկե մեդալ է նվաճելու

PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ավարտել է ելույթը Լոնդոնի Օլիմպիական խաղերում` նվաճելով 2 մեդալ: Արծաթե մեդալակիր է դարձել Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), իսկ բրոնզե մեդալն իր հաշվին գրանցել է Արթուր Ալեքսանյանը (96 կգ):

«Մենք սպասում էինք, որ կկարողանանք նաև ոսկե մեդալ նվաճել: Սպասելիքներ ունեինք Արթուրից, Արսենից և Յուրի Պատրիկեևից, սակայն Օլիմպիական խաղերում ամեն ինչ չէ, որ պլանավորածի պես է ընթանում: Հովհաննես Վարդերեսյանն էլ երիտասարդ ըմբիշ է, և փորձի պակասը խանգարեց նրան ավելի լավ ելույթ ունենալ» ,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկրորդ մարզիչ Սամվել Գևորգյանը: Նրա խոսքով, Ջուլֆալակյանը գերազանց մարտեր անցկացրեց` փայլուն հաղթանակներ տանելով տիտղոսակիր մարզիկների նկատմամբ: «Եզրափակչում էլ Արսենը հավասար մարտ վարեց, սակայն, ցավոք, զիջեց: Ես չեմ էլ կասկածել , որ ռուս մարզիկը կհաղթի, մենք տրամադրվել էինք, որ ոսկե մեդալ ենք նվաճելու: Ուղղակի ինչ որ բան չստացվեց»,- ավելացրեց Գևորգյանը: Ըստ նրա, եթե Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերում լիներ նույն մարզավիճակում, ինչ որ Եվրոպայի առաջնությանը, անպայման կնվաճեր ոսկե մեդալ. «Արթուրը կարողացավ իր մեջ ուժ գտնել ու բրոնզե մեդալի համար գոտեմարտերում գեղեցիկ հաղթանակներ տոնել: Նա նախ հաղթեց այն թուրք ըմբիշին, որին վատ մրցավարության պատճառով զիջել էր Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում, այնուհետև ոչ մի հնարավորություն չտվեց նաև կուբացի մարզիկին: Ես խոստանում եմ, որ 2016 թվականի Օլիմպիական խաղերում Արթուրը ոսկի է նվաճելու»:

Ըստ մարզչի, Պատրիկեևի վիճակահանությունն այդքան էլ բարեհաջող չէր և նա պետք է մեկ գոտեմարտ ավել անցկացներ, սակայն եթե Հասան Բարոևին ավելի ուշ փուլում հանդիպեր, կկարողանար մտնել եզրափակիչ կամ էլ պայքարել բրոնզե մեդալի համար: «120 կգ քաշային կարգում ինձ համար անակնկալ էր ֆին Նաբի Հեյկիի եզրափակիչ դուրս գալը: Ավելի ուժեղ ըմբիշներ էին մասնակցում այդ քաշային կարգում: Պատրիկեևն էլ վատ գոտեմարտ չանցկացրեց իրանցի Բաշիր Բաբաջանզադեհի հետ, հաշիվը հավասար էր, ու ամեն ինչ որոշեց վիճակը»,- ընդգծեց նա:

 Ուշագրավ
Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Բելգիան
Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում