17 հունվարի 2005 - 18:56 AMT
ՀՈԼԱՆԴԻԱՅՈՒՄ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ԹԱԼԻՇՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ
«Թոլիշպրես» տեղեկատվական գործակալությունը հաղորդում է, որ մի քանի օր առաջ, Հոլանդիայում, ղարաբաղյան պատերազմի անհայտ կորած զինվորներին նվիրված ֆիլմի ցուցադրության ժամանակ ներկա է եղել անցյալ տարվա սեպտեմբերին ադրբեջանական բանտից ազատված եւ ադրբեջանական քաղաքացիությունից զրկված թալիշների շարժման առաջնորդ Ալաքրամ Գումմատովը: «Տեղեկանալով, որ դահլիճում ներկա է Թալիշների ազգային շարժման առաջնորդը` նախագահության անդամները հրավիրել են նրան բեմ եւ ներկայացրել դահլիճին որպես թալիշ ժողովրդի իրավունքների վերականգնման համար պայքարող աննկուն մարտիկ», հաղորդում է «Եվրոպայում Թալիշների ազգային շարժման համակարգող Է.Ալիզոդան»: Ավելի վաղ, բանտից ազատվելուց մեկ ամիս անց, Գումմատովը հարցազրույց էր տվել նույն գործակալությանը, որտեղ հայտարարել էր, որ «իր հանդեպ տարվող քննչական գործողությունները ուղեկցվում էին ահավոր կտտանքներով, վիրավորանքներով եւ ստորացումներով: Դրանք ավելի շատ նման էին համակենտրոնացման ճամբարների կալանավորների տանջանքների, քան ժամանակակից աշխարհի անդամը դառնալուն ձգտող երկրներից մեկի օբյեկտիվ գործողությունների»: Նա նաեւ հաղորդել է, որ «այսօր ավելի մեծ ոգեւորությամբ է պատրաստ շարունակելու քաղաքական պայքարը»: