Երևանում բացվել է գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը

PanARMENIAN.Net - Այսօր մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում , «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ, բացեց գյուղատնտեսական մթերքների նոր տոնավաճառ:

Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:

Այն երկրորդն է մայրաքաղաքում` Կասյան փողոցին հարող տարածքում գործող գյուղատնտեսական մթերքների առաջին շուկայից հետո, որը գոհունակությամբ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչների կողմից: Բերքահավաքի եռուն շրջանում նման տոնավաճառի բացումն անչափ կարևոր է գյուղացիների աճեցրած բերքի վաճառքի կազմակերպման համար:

Նախարարն ու քաղաքապետը շրջեցին տոնավաճառի տաղավարներով: Նրանց հետ զրույցի ընթացքում, թե վաճառողները, թե գնորդները գոհունակությամբ էին խոսում քաղաքակիրթ նման առևտրի կազմակերպման մասին, ցանկանում, որ այն շարունակական լինի, և, անհրաժեշտության դեպքում, ընդգրկի նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:

Տոնավաճառի առաջին օրվա վաճառքին իրենց արտադրանքն էին ներկայացրել 150-ից ավելի գյուղացիներ` ՀՀ գրեթե բոլոր մարզերից: Շուկան բազմամարդ էր, վաճառքի գները` խելամիտ:

Այստեղ, ինչպես և առաջին տոնավաճառում, բացառվում են վերավաճառքի դեպքերը: Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվելու է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքներով, որոնք պետք է հավաստեն վաճառքի ներկայացվող ապրանքի պատկանելիությունը տվյալ մասնակցին: Տոնավաճառի աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում մշտապես վերահսկողություն է իրականացվելու:

Տոնավաճառների մասնակիցներն անվճար ստանում են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառի ավարտին կկազմակերպվեն տարածքի մաքրման աշխատանքներ: Հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվում են ոստիկանության կողմից:

Ավելացնենք, որ վաճառքն ուղեկցվում է տոնական համերգով, ներկայացումներով և ժամանցային ծրագրերով:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---