«6 օր Սևանի շուրջ» ծրագրի ընթացքում կքննարկվեն Սևանա լճի խնդիրները

«6 օր Սևանի շուրջ» ծրագրի ընթացքում կքննարկվեն Սևանա լճի խնդիրները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 1-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ Գեղարքունիքի մարզում կանցկացվի «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը։

Ծրագիրը կանցկացվի վրանային ճամբարի ձևաչափով Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ, Սևան քաղաքներին հարակից ափամերձ տարածքներում: Միջոցառմանն ընդհանուր առմամբ կմասնակցի շուրջ 500 ուսանող-երիտասարդ՝ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներից:

Ինչպես նշում է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը, «6 օր Սևանի շուրջ» խորագիրը կրող ծրագրի նպատակը մարզաբնակ երիտասարդների մասնակցության հնարավորությունների ընդլայնումն է, երիտասարդության էկոլոգիական կրթության ապահովումը, հոգևոր-մշակութային, հայրենասիրական դաստիարակության ամրապնդումը։

Վեցօրյա ճամբարի ընթացքում մասնակիցները հանդիպումներ կունենան Գեղարքունիքի մարզի բարձրաստիճան պաշտոնյաների, ԱԺ պատգամվորների և հոգևորականների հետ։ Սեմինար-քննարկումներ կանցկացվեն մի շարք թեմաներով, այդ թվում՝«Գեղարքունիքի մարզի երիտասարդության հիմնախնդիրները, տարածաշրջանային համագործակցություն», «Սևանա լճի հիմնախնդիրները», «Քաղաքական PR և իմիջմեյքինգ», «Երիտասարդների մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին», «Երիտասարդների հոգևոր-մշակութային դաստիարակություն» և այլն։ Երիտասարդները կայցելեն նաև զորամաս, կանցկացնեն ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, կկազմակերպվեն ճանաչողական արշավներ դեպի մարզի պատմամշակութային վայրեր, որտեղ կիրականացվեն նաև բնապահպանական ակցիաներ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---