Գագիկ Մինասյանը Հայաստանի 2012-ի 7 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներն անվանել է «տպավորիչ»

Գագիկ Մինասյանը Հայաստանի 2012-ի 7 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշներն անվանել է «տպավորիչ»

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանում արդեն ներկայացվել է հաշվետվություն առաջին կիսամյակում բյուջեի կատարողականության մասին, իսկ երկրի Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է առաջին յոթ ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք բավական «տպավորիչ են»: Օգոստոսի 28-ին Երևանում մամլո ասուլիսում նման կարծիք է հայտնել ֆինասնավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանում 2012-ի հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7 տոկոս 2011-ի նույն շրջանի համեմատ: Միաժամանակ, նրա խոսքով, ՀՆԱ հաշվարկով այդ ցուցանիշը կազմում է 5.5-6 տոկոս, այն դեպքում, երբ պետբյուջով նախատեսված է 4.2 տոկոս ցուցանիշ:

Միաժամանակ պատգամավորն ուշադրություն է դարձրել, որ արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանին հաջողվում է ապահովել երկրի ՀՆԱ-ի դիվերսիֆիկացիա արդյունաբերական ոլորտի աճի ապահովման հաշվին, ինչը թույլ կտա երկրին ավելի հեշտ հաղթահարել արտաքին շոկերը: «Մենք զգալի աճ ունենք` ընթացիկ տարվա առաջին յոթ ամիսների արդյունքներով 13 տոկոսից բարձր, 2011-ի նույն շրջանի համեմատ»,- ասել է նա: Այդ առումով Մինասյանն առանձնացրել է նաև այն, որ արդյունաբերական ոլորտում նույնպես առկա է դիվերսիֆիկացիա հինգ հիմնական ուղղություններով` բարձր տեխնոլոգիաներ, վերամշակվող ոլորտ, լեռնահումքային արդյունաբերություն, մետաղամշակման ոլորտ, ինչպես նաև թեթև արդյունաբերություն:

Ինչպես նշել է պատգամավորը, Հայաստանը զգալի հաջողություններ է արձանագրում արտահանման պոտենցիալի ավելացման ուղղությամբ` արտահանման ուղղվածություն ունեցող ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու հաշվին: 2012-ի հունվար-հուլիսին 2011-ի նույն շրջանի համեմատ արտահանումը կազմել է 802,2 մլն դոլար (319.1 մլրդ դրամ), աճը` 13.1 տոկոս: 2012-ի հունվար-հուլիսին 2011-ի նույն շրջանի համեմատ ներկրումը կազմել է 2 336.3 մլն դոլար (928,5 մլրդ դրամ), աճը` 6,4 տոկոս:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին` նա նշել է, որ բարենպաստ կլիմայական պայմանները թույլ են տվել այս ոլորտում ապահովել ավելի քան 10 տոկոս աճ, այդ թվում նաև գյուղի և գյուղացիների աջակցությանն ուղղված կառավարության կողմից իրագործվող ծրագրերի հաշվին:

Ծառայությունների ոլորտում նույնպես կան դրական միտումներ, աճը` շուրջ 10 տոկոս: Իսկ ահա շինարարության ոլորտը դեռ շարունակում է անկում արձանագրել, չնայած շինարարական աշխատանքների իրագործման ուղղությամբ կառավարության ջանքերին, մասնավորապես, աղետի գոտում և հիփոթեքային ծրագրերի աջակցությունը: «Սակայն մինչև ճգնաժամն այդ շուկայի գերհագեցվածությունը դեռ թույլ չի տալիս իրագործել նոր նախագծեր, որոնք կարող էին աճ ապահովել»,- հավելել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---