ՀՀ Հանրային խորհրդ. Ադրբեջանական հանրությունը լուրջ մտահոգության պատճառ ունի

ՀՀ Հանրային խորհրդ. Ադրբեջանական հանրությունը լուրջ մտահոգության պատճառ ունի

PanARMENIAN.Net - Խորհրդի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվումէ . «ՀՀ Հանրային խորհուրդը խստորեն դատապարտում է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին 2004 թ. ազգային ատելության հողի վրա դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովին պատիժը կրելու համար Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան տեղափոխման փաստը:

Ակնհայտ է, որ Բուդապեշտը Ռամիլ Սաֆարովին «վաճառեց» Բաքվին, և որևէ արդարացում կամ հայտարարություն հունգարական իշխանությունների կողմից, չի կարող վերախմբագրել այդ փաստը:

Հունգարիայի իշխանություններն այս քայլով հիմք տվեցին հայ հասարակությանը թերահավատորեն վերաբերել համամարդկային արժեքներ քարոզող եվրոպական ընտանիքին և դրան միանալու իր որդեգրած ուղուն, քանի որ այդ ընտանիքի անդամ պետություններից մեկը բացահայտորեն ոտնահարում է իր իսկ դավանած սկզբունքները:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առաջին հերթին լրջորեն մտահոգվելու առիթ ունի ադրբեջանական հանրությունը, քանի որ պետական մակարդակով հերոսացվում և ժողովրդին է հրամցվում մի կերպար, որը ոչ այլ ինչ է, քան սովորական հանցագործ` ընդունակ կացնահարելու քնած մարդուն:

Սա վկայում է ադրբեջանական պետական մտածողության վայրի ու կենդանական լինելու մասին, մտածողություն, որտեղ բացակայում է համամարդկային արժեքների որևէ նշույլ:

Ցանկացած սթափ և առողջ դատողություն ունեցող ադրբեջանցի չի կարող դա ընդունել:

Ադրբեջանի բարձրագույն իշխանությունները, ստեղծելով, խրախուսելով և տեր կանգնելով «ռամիլսաֆարովներին», ապացուցում են, որ ընդունակ են ամենաանհավանական հանցանքներին, և դրա վտանգը պետք է գիտակցի ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունը:

Մենք ուշադրությամբ կհետևենք միջազգային հանրության արձագանքին, որը, հուսով ենք, համահունչ չի լինի հունգարական իշխանությունների կատարած հակաբնական և հակաքաղաքակիրթ քայլին»:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---