Հայ առաքելական եկեղցին դատապարտում է Հունգարիայի արարքը և պատրաստվում է դիմել բոլոր կրոնական կառույցներին

Հայ առաքելական եկեղցին դատապարտում է Հունգարիայի արարքը և պատրաստվում է դիմել բոլոր կրոնական կառույցներին

PanARMENIAN.Net - Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով:

Գերագույն հոգևոր խորհուրդը վրդովմունքով և մտահոգությամբ անդրադարձավ Բուդապեշտում 2004 թ. ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանին ազգային ատելության հողի վրա քնած վիճակում դաժանաբար սպանած Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի` Հունգարիայի իշխանությունների կողմից արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու իրողությանը և հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

«Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին խստիվ դատապարտում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու և Ադրբեջանի նախագահի որոշմամբ ներման միջոցով ոճրագործին արդարացնելու փաստը: Կատարվածը հերթական դրսևորումն է Ադրբեջանի իշխանությունների որդեգրած հայատյաց քաղաքականության: Ցավոք, ժողովրդավարության և արդարադատության սկզբունքներ դավանող ԵՄ անդամ Հունգարիան` ոտնահարելով եվրոպական արժեհամակարգի բարոյական նորմերը, պախարակելի համագործակցությամբ սատարեց Ադրբեջանում հերոսացված մարդասպանին ազատ արձակելու նենգ ծրագրին, որը հղի է ազգային և կրոնական պատկանելության հողի վրա սպանությունների վտանգով: Մարդկային կյանքը աստվածատուր է, և կանխամտածված մարդասպանության ոճրագործությունը` ոճիր մարդկության և Աստծո դեմ:

Կոչ ենք ուղղում հայ եկեղեցու բոլոր սպասավորներին, աշխարհասփյուռ մեր ժողովրդի հավատավոր զավակներին միասնական ոգով բողոքի իրենց ձայնը հնչեցնելու տեղական հոգևոր և աշխարհիկ իշխանությունների առջև` հանուն մեր ազգային իրավունքների պաշտպանության: Դիմում ենք նաև մեր քույր եկեղեցիներին և կրոնական բոլոր կազմակերպություններին` դատապարտելու այս իրողությունը և իրենց ձայնը բարձրացնելու հանուն արդարության և ճշմարտության»: Գերագույն հոգևոր խորհուրդը նաև խնդրեց Ամենայն Հայոց կաթողիկոսին այս առնչությամբ դիմելու կրոնապետերին, ինչպես նաև առանձին պետությունների, միջազգային կազմակերպությունների և կրոնական ու հասարակական կառույցների ղեկավարներին:

Գուրգեն Մարգարյան

2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»:

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը դատապարտել է Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի 30 տարվա ընթացքում: 2007-ի փետրվարին Վճռաբեկ դատարանը դատավճիռն ուժի մեջ է թողել:

2012-ի օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ նրան որպես հերոս են դիմավորել: Նախագահ Իլհամ Ալիևը նրան ներելու մասին հրամանագիր է ստորագրել, վճարել 8 տարվա աշխատավարձն ու բարձրացրել զինվորական կոչումը:

Ավելի ուշ Հայստանի ԱԳՆ-ն Հունգարիայի արտգործնախարարությանը տեղեկացրել է երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու` ՀՀ կառավարության որոշման մասին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---