ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ` 8 տոկոս

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ` 8 տոկոս

PanARMENIAN.Net - 2012 թ. սեպտեմբերի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8%, հայտնում է ԿԲ մամլո ծառայությունը:

2012 թ. օգոստոսին արձանագրվել է 0.4% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%` համընկնելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին մակարդակին:

Խորհուրդն արձանագրեց, որ արտաքին և ներքին տնտեսությունների զարգացումներն օգոստոսին ընթացել են հիմնականում Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարին համահունչ: Զարգացած երկրների պարտքային հիմնախնդիրների քաղաքական լուծումների վերաբերյալ անորոշությունների պայմաններում, կանխատեսող հորիզոնում կպահպանվի համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակը: Մյուս կողմից, հացահատիկի միջազգային շուկայում վերջին ամիսներին գների շարունակական աճի հետևանքով պարենային ապրանքների միջազգային շուկաներում ձևավորվել է գնաճային միջավայր, ինչն արդեն մասամբ իր արտացոլումն է գտել ներքին գների վարքագծում:

Խորհուրդը գնահատեց, որ կանխատեսվող հորիզոնում պահպանվում է ներքին գների վրա ՀՀ տնտեսության զարգացումներից ակնկալվող գնաճային ազդեցությունը` պայմանավորված մասնավոր սպառման աճի առավել արագ տեմպերով: Վերջինս որոշ չափով կչեզոքացվի հարկաբյուջետային քաղաքականության զսպող ազդեցությամբ:

Վերջին ամիսների գնաճի զարգացումները վկայում են այն մասին, որ դրանք հիմնականում ընթանում են Դրամավարկային քաղաքականության երրորդ եռամսյակի ծրագրի բազային սցենարով, որի հիման վրա Խորհուրդն առաջնորդվում է Ծրագրում նախանշված դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղություններով: Այդ պարագայում սպասվում է, որ կանխատեսող հորիզոնում 12-ամսյա գնաճը կձևավորվի իր նպատակային ցուցանիշի շրջակայքում` պահպանվելով ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

Միաժամանակ, միջբանկային շուկայում տոկոսադրույքների տատանումների նվազեցման նպատակով ԿԲ խորհուրդը շարունակում է ԿԲ կողմից ներգրավվող ավանդի և լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքների միջև եղած տարբերությունը նվազեցնելու գործընթացը` որոշելով 5 տոկոսային կետից այն դարձնել 4 տոկոսային կետ:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ սեպտեմբերի 14-ին հրապարակվելիք Մամլո հաղորդագրությունում (Տոկոսադրույքի արձանագրություն)

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---