Քաղաքապետ. Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի վիճակը բարելավելու համար

Քաղաքապետ. Առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի վիճակը բարելավելու  համար

PanARMENIAN.Net - Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանից քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր շարժակազմով ուղևորվել է «Սասունցի Դավիթ» կայարան: Քաղաքապետին զեկուցվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով երեք նոր շարժակազմերին մինչև տարեվերջ կգումարվի ևս երկուսը: Տարոն Մարգարյանը հանձնարարել է տնտեսած գումարների հաշվին շարունակել շարժակազմերի նորացման աշխատանքները: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է որոշակի քայլեր ձեռնարկել մետրոպոլիտենի շրջակա տարածքում բարեկարգման աշխատանքներ նախաձեռնելու ուղղությամբ:

Հավանություն տալով «Զորավար Անդրանիկ» կայարանի տարածքում առևտրի կազմակերպման համար սահմանված վայրերում վարձակալի կողմից վերջերս ամբողջությամբ արդիականացված կրպակաշարերի արտաքին տեսքին, քաղաքապետը հանձնարարել է քայլեր ձեռնարկել նաև մետրոպոլիտենի մյուս կայարաններում առկա առևտրային կետերը ևս միանման տեսքի բերելու ուղղությամբ:

«Հանրապետության հրապարակ» կայարանում Տարոն Մարգարյանը նախ այցելել է ստորգետնյա պոմպակայան և ծանոթացել է մետրոպոլիտենի ստորգետնյա գրունտային ջրերի հեռացման պոմպակայանների արդիականացման ընթացիկ աշխատանքներին: Հատկանշական է, որ մետրոպոլիտենի գործարկման օրից ի վեր պոմպակայանները երբևէ չեն արդիականացվել, ինչն իր հերթին մեծապես խոչընդոտել է մետրոպոլիտենի սարքավորումների բնականոն աշխատանքին: Համալիր ծրագրի իրականացման արդյունքում ամբողջովին կլուծվի մետրոպոլիտենի ջրահեռացման խնդիրը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարանների պոմպակայանների արդիականացման աշխատանքներն ավարտել հնարավորին կարճ ժամկետում. «Պոմպակայանների արդիականացման ծրագիրը ներառված է մեր այս տարվա ծրագրերում և արդեն հաջորդ տարի մենք ամբողջությամբ կավարտենք այն ու այս խնդիրը ևս կլուծվի»,- նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետը «Երիտասարդական» կայարան է ուղևորվել էլեկտրոնային վահանակով կառավարվող նոր շարժակազմի մեքենավարական խցիկում: Մեքենավարը նշել է, որ նոր տեխնոլոգիաների կիրառումը զգալիորեն հեշտացել է շարժակազմերի շահագործումը:

«Երիտասարդական» կայարանի մեքենայական սրահում քաղաքապետը հետևել է նաև շարժասանդուղքներից մեկի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

Շրջայցի շրջանակում ծանոթանալով մետրոյի կայարանների ստորգետնյա անցման և հարակից տարածքների պայմաններին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է կայարաններում ավելացնել նստարանների քանակն ու բարեկարգել կայարանների մուտքերի աստիճանավանդակները: Տարոն Մարգարյանը զրուցել է նաև ուղևորների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերն ու մետրոյի սպասարկման որակի և արդյունավետության հետ կապված առաջարկությունները:

Տարոն Մարգարյանը այցելել է նաև մետրոպոլիտենի կենտրոնական կարգավարական կառավարման և տեսահսկման իրավիճակային կենտրոններ, զրուցել աշխատակիցների հետ: Զեկուցվել է, որ ուղևորների անվտանգությունն ապահովելու նպատակով մետրոպոլիտենի կայարաններում տեղադրվել են շուրջ 200 տեսախցիկներ, որոնց աշխատանքին պլազմային մեծ մոնիտորներով 24 ժամ անընդմեջ հետևում են մետրոպոլիտենի համապատասխան ծառայության աշխատակիցները: Քաղաքապետը հանձնարարել է մետրոպոլիտենի աշխատանքի լիարժեք տեսահսկումն ապահովելու նպատակով կարճ ժամանակում մնացած անհրաժեշտ տարածքները ևս կահավորել տեսախցիկներով:

Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մետրոպոլիտենի աշխատակազմի հետ:

Աշխատանքային շրջայցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ տրոլեյբուսային պարկում առկա 79 շարժակազմերից այսօր շահագործվում է 60-ը:

Քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի վիճակը բարելավելու և հավաքակայանը արդիականացնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---