Ազգային պատկերասրահում կբացվի նկարիչ Զաքար Խաչատրյանի ցուցահանդեսը

Ազգային պատկերասրահում կբացվի նկարիչ Զաքար Խաչատրյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է գեղանկարիչ Զաքար Խաչատրյանի գործերի ցուցահանդես:

Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակերտ գյուղում: Հայրենական մեծ պատերազմում չորս տարի կռվելուց և ծանր վերքերը բուժելուց հետո վերադարձավ և ուսման անցավ սկզբում` Գորիսի մանկավարժական տեխնիկումում, ապա` Երևանի երաժշտական ուսումնարանում: 1947թ. հանրակացարանում մնալու հնարավորություն չունենալով նա որոշեց վերադառնալ Սիսիան:

Բարձր առաջադիմությամբ սովորելով Թերլեմեզյանի նկարչական ուսումնարանում և Երևանի գեղարվեստի ինստիտուտում, Խաչատրյանը բարձրագույն նկարչական կրթությունն ավարտեց Լենինգրադի Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում, արժանանալով ռեպինյան և ստալինյան կրթաթոշակների: Ստանալով հիմնարար կրթություն Ռեպինի անվան գեղարվեստի ինստիտուտում ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Բ.Իոգանսոնի ղեկավարությամբ, Զ. Խաչատրյանը փայլուն ավարտեց ակադեմիան, և պետական քննական հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ գեղարվեստների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Գերասիմովը հենց նրան ընտրեց իր արվեստանոցում ևս չորս տարի կատարելագործվելու համար: Այսպես կերտվեց դասական ռեալիստ նկարիչը: Խաչատրյանի ոգեշնչման և ստեղծագործության նյութը բնությունը և մարդկային կյանքն է` իր հաճելի ու դաժան դրսևորումներով: Լինելով Հայրենական մեծ պատերազմի չորս տարիների մասնակիցը և հազարավոր զինվորների մահվան ականատեսը, վերապրելով նրանց մայրերի անսփոփ վիշտը, նկարիչը չէր կարող անտարբեր մնալ պատերազմի մեծ զոհաբերությունների և աշխարհի մայրերի վիշտը արտացոլող հուզիչ թեմաների հանդեպ, հայտնում է պատկերասրահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---