Թոբիաս Բիլսթրյոմ. Շվեդիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր

Թոբիաս Բիլսթրյոմ. Շվեդիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 6-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Շվեդիայի միգրացիայի և ապաստանի քաղաքականության նախարար Թոբիաս Բիլսթրյոմին, ով Երևան է ժամանել մասնակցելու «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը՝ ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» ծրագրի մեկնարկը ազդարարող համաժողովին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ համակողմանի հարաբերությունների զարգացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթություններում: Նախարարը նաև հավելեց, որ պարբերական հանդիպումները իր շվեդ գործընկերոջ՝ Կարլ Բիլդտի հետ հնարավորություն են ընձեռում ապահովել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության պարբերականությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Բիլսթրյոմը նույնպես նշեց, որ Շվեդիան դիտարկում է Հայաստանը որպես կարևոր գործընկեր և գոհունակություն հայտնեց երկկողմ ակտիվ զարգացող փոխգործակցության առնչությամբ և ընդգծեց, որ իր այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կխթանեն համագործակցությունը նաև միգրացիոն բնագավառում:

Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ անդամ պետությունների հետ ակտիվորեն զարգացնում է համագործակցությունը միգրացիայի բնագավառում:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և ԵՄ միջև Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագրի դրույթների իրագործմանը, ինչպես նաև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---