8 սեպտեմբերի 2012 - 10:38 AMT
Այսօր Օհան Դուրյանը կդառնար 90 տարեկան

Այսօր` սեպտեմբերի 8-ին հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 90 տարեկան: Այսօր ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հայ արվեստասեր հանրությունը, մշակույթի անվանի գործիչները, հարազատները կայցելեն Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծատաղանդ արվեստագետի հիշատակին:

Մեծատաղանդ արվեստագետը ծնվել և մեծացել է Երուսաղեմում: 1939-1945թթ. կոմպոզիցիա, դիրիժորություն և երգեհոն է ուսանել տեղի կոնսերվատորիայում: Կրթությունն ավարտել է Եվրոպայում Հ. Շերխենի, Ռ.Դեզորմիերի և Գ. Մարտինոնի ղեկավարությամբ: Ելույթ է ունեցել շուրջ 110 նվագախմբերի հետ: Որոշ ժամանակ աշխատել է Ավինյոնի և Քեյփթաունի օպերային և սիմֆոնիկ նվգախմբերի հետ, 1963-1968թթ. եղել է Լայպցիգի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը և Gewandhaus նվագախմբի մշտական հրավրյալ դիրիժորը: Հայաստանում Դուրյանը տարբեր տարիների գլխավորել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, ինչպես և իր հիմնած` Հայաստանի հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: Նա եղել է Երևանի օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը:

Դուրյանը «Կոմիտաս» երկու սիմֆոնիկ սյուիտների և այլ ստեղծագործությունների հեղինակ է: ՀՊՖՆ-ում աշխատելու տարիներին մաեստրոն իրականացրեց հայ կոմպոզիտորների մի շարք նշանակալի սիմֆոնիաների պրեմիերաներ. Է. Միրզոյանի, Ջ. Տեր-Թադևոսյանի (թիվ 1 և թիվ 2), Կ.Օրբելյանի (թիվ 1), Ա.Աճեմյանի (թիվ 2), Գ.Եղիազարյանի («Հրազդան»), կատարեց բազմաթիվ ձայնագրություններ: ՀՊՖՆ-ը ունեցավ հյուրախաղեր նախկին ԽՍՀՄ քաղաքներում: Որպես հրավիրյալ դիրիժոր Դուրյանը ԽՍՀՄ հանրապետություններում մշտապես պրոպագանդել է հայ կոմպոզիտորների գործերը: Նրա ղեկավարության օրոք ՀՊՖՆ-ին շնորհվել է ՀՀ վաստակավոր կոլեկտիվի կոչում: Օհան Դուրյանը մահացել է 2011 թվականի հունվարի 6-ին Երևանում։