8 սեպտեմբերի 2012 - 15:41 AMT
Դաշնակահար Սուրեն Բարրին ելույթ կունենա Երևանում

Սեպտեմբերի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայկական արմատներով երիտասարդ և տաղանդավոր կանադացի դաշնակահար Սուրեն Բարրիի մենահամերգը: Նա աշխարհի ամենահայտնի հայագետներից մեկի`պրոֆ. Դորա Սաքայանի թոռն է:

Երիտասարդ դաշնակահարը երևանյան համերգին կկատարի Բեթհովենի, Ռավելի, Բաբաջանյանի և Շումանի ստեղծագործությունները:

Բարրիի տաղանդը բացահայտվեց 2001 թ-ին, երբ 11 տարեկանում մասնակցեց երաժշտական փառատոներից մեկին:

Երաժշտագետները Սուրենի կատարումն անվանեցին իր տարիքի համար շատ հասուն և խորը: Վերջին տարիներին նա հաղթել է Կանադայի բազմաթիվ երաժշտական փառտոներում

Այս տարի օգոստոսին նա դարձել է Կանադայի 41-րդ ազգային երաժշտական մրցույթի հաղթող: