8 սեպտեմբերի 2012 - 16:30 AMT
Ս. Լավրով. ԱՄՆ մոտ գերակշռում է սպառնալու և Սիրիայի ու Իրանի վրա ճնշումն ուժեղացնելու ձգտումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը չի սատարում Սիրիայի և Իրանի նկատմամբ ԱՄՆ սպառնալիքների և նոր պատժամիջոցների քաղաքականությանը:

«Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը մենք քննարկել են Սիրիայի և Իրանի շուրջ իրավիճակը: Մեր նպատակները երկու դեպքում էլ համընկնում են: Մենք ցանկանում ենք, որպեսզի Սիրիան լինի ազատ, քաղաքականապես բարգավաճող երկիր, որպեսզի այն ղեկավարի կառավարություն, որն ընտրված է ժողովրդի կողմից և որն արտացոլում է Սիրիայում բնակվող բոլոր մարդկանց ակնկալիքները»,- Լավրովի խոսքերը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ թե Մոսկվայի, թե Վաշինգտոնի համար անընդունելի է միջուկային զենքի չտարածման ռեժիմի խախտումը Իրանի միջուկային ծրագրի համատեքստում:

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի դա թույլ չտանք»,- ասել է Լավրովը:

Խոսելով նպատակներին հասնելու մեթոդների մասին, ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «ԱՄՆ մոտ գերակշռում է սպառնալու և ճնշումը ուժեղացնելու, Սիրիայի և Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու ձգտումը»: «Մենք դրա հետ համաձայն չենք, որովհետև խնդիրների լուծման մեջ պետք է ներգրավել, այլ ոչ թե մեկուսացնել»,- ասել է նա: