Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը բոյկոտում է դատական նիստը

Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը բոյկոտում է դատական նիստը

PanARMENIAN.Net - Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթացող Վահե Ավետյանի մահվան գործով դատաքննությանը դատախազին պատասխանող կողմից ներկայացված բացարկը մերժվեց: Այս պահին դատարանը հայտարարել է ընդմիջում, քանի որ իրավահաջորդի փաստաբանները նիստերի դահլիճ չեն ներկայացել: Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարել է, որ չի ներկայանա նիստերի դահլիճ, քանի որ ինքը տեսել է թե ինչպես են մի քանի քաղաքացիական հագուստով անձինք առանց ստուգման մտել նիստերի դահլիճ: Տիգրան Եգորյանը պահանջում է պարզել այդ անձանց ինքնությունը, այլապես ինքը չի մասնակցի նիստին:

Այս պահին նա նստած է դատարանի շենքի դիմաց և հրաժարվում է ներս մտնել: Նշենք, որ «Հարսնաքարի» գործով դատաքննությունը մեկնարկել է այսօր: Հիշեցնենք, որ 2012 թ. հունսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները, որոնցից մեկը Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամ է, դաժան ծեծի են ենթարկել մի խումբ քաղաքացիների: Նրանցից երեքը` Վահե Ավետյան, Արտակ Բայադյան, Գարիկ Սողոմոնյան, տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 29-ի երեկոյան Վահե Ավետյանը, գիտակցության չգալով, մահացել է: Մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կալանավորվել էր 6 մարդ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---