ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. ՉԵՄ ԿԱՐՈՂ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ՄՅՈՒՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՄԱՆ ՇՐՋԱՊԱՏՎԱԾ ԵՆ ԵՂԵԼ ԿԻՍՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ, ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԶԱՊԵՍ ՍՏԻ ՆՄԱՆ ԽԻՏ ԳԱՐՇԱՀՈՌՈՒԹՅԱՆ

PanARMENIAN.Net - Իր դիրքորոշումներից դեռեւս չի հրաժարվում ղարաբաղյան հակամարտության կողմերից ոչ մեկը, ինչը, իսկապես, վատ է: Այս մասին «Երկիր» շաբաթաթերթի կայքում հրապարակված հարցազրույցում հայտարարել է 1992-1996 թվականներին ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի կողմից համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Իսկ իմ կարծիքով, բոլորն էլ պետք է հավասարապես հեռանան նախկին դիրքերից ու առաջ գնան: Իսկ ինչի՞ց ենթադրեցիք, որ բանակցությունների սեղանից ռազմի դաշտ անցնելը սարսափելի է միայն հակառակորդի համար եւ ամենեւին վտանգավոր չէ սեփական կողմին: Հիշեք, թե ինչքան սխալներ են եղել պատերազմների պատմության ընթացքում. չէ՞ որ ոչ ոք դրանք չի սկսել ջախջախված, պարտված լինելու ակնկալիքով: Ավելի լավ է դասեր քաղել ուրիշի սխալներից, քան ծնել սեփականները»,- նշել է նա: Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ է խստացել Ղարաբաղյան հարցով զբաղվող միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, Վլադիմիր Կազիմիրովը նշել է, որ «դեռ վաղ է ընդհանրացնել»: «Ինքնահանգստացումը վնասակար է նաեւ «հաղթողների» համար: ԵԽԽՎ-ն չէր կարող հայերին պարգեւատրել պասիվության համար, սակայն դեռ հարց է` կկաողանա՞ այդ վերաբերմունքը «փոխանցում կատարել» նաեւ մյուս կազմակերպություններին: Ամենուր չէ, որ կբավարարվեն մակերեսային մոտեցումներով, լուրջ վերլուծությունը կպահանջի ավելի խորը «փորել», ուսումնասիրել այդ հակամարտության պատճառները, արմատները»,- ընդգծել է նա: Խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղարաբաղյան հարցին վերաբերող աշխատանքներում տեղ գտած արժանիքների եւ թերությունների մասին, մասնավորապես, իրենց դիրքորոշումների քարոզչության ապահովման ոլորտում` Վ.Կազիմիրովը նշել է, որ իրեն իրավունք չի վերապահում տալ երկու պետությունների դիվանագիտական ծառայությունների գնահատականը: «Նախկինում ես ավելի շատ գիտեի այդ մասին, քան ներկայումս: Այլ բան է «քարոզչության ապահովման» հարցը: Չեմ կարող հավատալ, որ մյուս հակամարտությունները եւս շրջապատված են եղել կիսաճշմարտության, աղավաղումների եւ պարզապես ստի նման խիտ գարշահոտությամբ: Արդարացման համար նույնիսկ բարձրագոչում են. «Պատերազմում` ինչպես պատերազմում»: Եվ այդ ամենն արվում է, առաջին հերթին, սեփական ժողովրդին խաբելու համար, քանի որ մյուս կողմին եւ միջնորդներին խաբելն այնքան էլ հեշտ չէ: Այդ երեւույթը ծնել են ինչպես կողմերի պաշտոնական քարոզչական կառույցները, այնպես էլ ծառայամիտ ԶԼՄ-ները»,- եզրափակել է ռուս դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---