Պատճառավոր կանայք ու վարորդների մղձավանջ «պլանը». Ոստիկանությունը խոստանում է «էս 2 օրը» լուծել կանգնած ուղևորների հարցը

Պատճառավոր կանայք ու վարորդների մղձավանջ «պլանը». Ոստիկանությունը խոստանում է «էս 2 օրը»  լուծել կանգնած ուղևորների հարցը

PanARMENIAN.Net - Եթե ես տուն գնայի իմ սովորական երթուղով, այս ամենին ականատես, գուցե չլինեի, բայց արդեն մի շաբաթ է՝ երեկոյան 9:30-ից հետո 20 համարի երթուղայինները շատ միստիկ կերպով անհետանում են քաղաքից: Այսօր առավոտյան պարզեցի, որ նաև կայանտեղիից էին անհետացել, բայց այսօր՝ ոչ այս մասին: Նախորդ օրը հերթական անգամ չգտնելով իմ մշտական երթուղային տաքսին, նստեցի մեկ այլ երթուղային , որը ինձ կհասցներ մեր տան մոտակայք:

Վարորդը Արշակունյաց պողոտայում կտրուկ արգելակեց մեքենան ու կանգնած ուղևորները՝ թվով 3 հոգի, բոլորը կանայք, հայտնվեցին նստած ուղևորներ վրա: Կանայք մի կերպ կանգնեցին, կարգի բերեցին իրենց հագուստները: 10-20 վայրկյան լռություն, ու իմ կողքին նստած կինը, որի հետ մենք կիսել էինք տեղը, համարյա գոռալով հարձակվեց վարորդի վրա

-Մեջը պատճառավոր կանայք կան, էս ի՞նչ ձև ես քշում:

Ես շրջվեցի, նայեցի կողքերս ու նկատեցի, որ ձախ կողմի նստարանին հղի կին է նստած: Ինչպես հետո հասկացա կանգնած կնոջ ու նրա հայացնքրի փոխանակությունից, երբ երթուղայինն արգելակել էր, կանացից մեկն ընկել էր հղի կնոջ վրա:

«Պատճառովոր» կինը՝ ոգևորված իրեն պաշտպանող կնոջ համարձակությունից, ցածրաձայն մի երկու ռեպլիկ նետեց, հետո միացան մնացածը ու սկսեցին բոլորով խոսել: Վերջում նստած միջին տարիքի մի տղամարդ էլ, վարորդին խրատելով պատմեց, որ ոստիկանության կայքում կարդացել է, թե ինչպես է մի 60-ամյա ուղևորուհի վայր ընկել երթուղայինի մեջ ու հիմա էլ հիվանդանոցում է :

Այս կնոջ պատմությանը ես էլ էի ծանոթ, դեպքի հաջորդ օրը խոսել էի ոստիկանության մայոր, ՃՈ պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի հետ:

Հիշեցի, որ մի քանի տարի առաջ նման մի միջադեպի հետևանքով ուղևորը մահացել էր, դրանից հետո ոստիկանությունը խստացրել էր հսկողությունը: Որոշ ժամանակ անց ամեն ինչ վերադարձավ իր սովորական հունին, դեպքի մասին մոռացան և վարորդները և ուղևորները: Ճանապարհային ոստիկանությունից փորձեցի պարզել՝ ոստիկանությանը «մոռացության այդ ալիքը» հասել է թե ոչ: Ըստ Խաչատրյանի՝ ճանապարհային ոստիկանները բնավ էլ չեն մոռանում ուղևորների մասին. «Այս խնդիրը մշտապես եղել և մնում է ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում», -ասաց նա, հավելելով , որ «էս 2 օրը» բոլորս կտեսնենք արդյունքը, ասել է թե՝ ոչ մի կանգնած ուղևոր:

Շատ լավ հասկանալով, որ սա ոչ օրերի, ոչ էլ ամիսների հարց է, փորձեցինք խնդիրի էությունը փնտրել այլ տեղ: Իսկ եթե չլինեն կանգնած ուղևորներ, ինչպես է լուծվելու վարորդների՝ «պլան կատարելու» հարցը: Ըստ վերջերս շրջանառվող տեղեկությունների՝ դրանց գինը բարձրացել է ու հասել 20 հազար դրամի:

«Ոչ մի պլան կապ չունի, ճանապարհային երթևեկության կանոնները պետք է պահպանել, մնացածը մեր գործը չի»,-ասաց ոստիկանության մայորը և այսքանով եզրափակվեց մեր զրույցը:

Ճանապարհային ոստիկանության կանոները, իհարկե, կարևոր են, բայց «պլանն» անտեսել միևնույն է չի լինի: Ամիսներ առաջ դրա պաճառով 22-ամյա երիտասարդը մահացավ: Նրան 100 դրամի համար ծեծող վարորդն իր դատավճռին է սպասում: Նրա պես հարյուրավորներն էլ շարունակում են աշխատել՝ մի օր կատարելով պլանը, մի օր՝ ոչ:

Աստղիկ Հակոբյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---