«Գրքի տարին»` արվեստի գործիչների հոբելյանները չնշելու պատրվակ

«Գրքի տարին»` արվեստի գործիչների հոբելյանները չնշելու պատրվակ

PanARMENIAN.Net - Հայաստանն աշխարհին միշտ ներկայացել է իր հարուստ և ուրույն մշակույթով, որում մեծ ավանդ են ներդրել բազմաթիվ գործիչներ: Նրանցից ոմանք ճանաչված են եղել կենդանության օրոք, ոմանք էլ` փառքի են հասել միայն մահվանից հետո: Կան նաև որոշ գործիչներ, որոնց հոբելյանների առումով պետական մակարդակով ոչինչ չի արվում, և միայն անհատների շնորհիվ է վառ պահվում նրանց հիշատակը:

Այս տարի լրացավ թբիլիսահայ նկարչուհի Գայանե Խաչատուրյանի 70-ամյակը: Այս կապակցությամբ ցուցահանդեսներ կազմակերպվեցին նրա ծննդավայրում` Թբիլիսիում, Ռուսաստանում, Ավստրիայում: Թբիլիսիում այն նշվեց նույնիսկ խորհրդարանական մակարդակով, սակայն Հայաստանում նույնիսկ չհիշատակվեց այդ օրը: Նկարչուհու աշխատանքները հիացրել են ամբողջ աշխարհի արվեստասերներին: Նրա արվեստի երկրպագուներն են դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն, մոդելավորող Իվ Սեն Լորանը, նրան մեծարել է ռեժիսոր Անդրեյ Տարկովսկին: Իսկ Հայաստանում նրա ծննդյան օրը միայն հոգեհանգստի կարգ մատուցվեց, այն էլ այստեղ ապրող նկարչուհու մտերմագույն ընկերուհու ջանքերով:

Մեկ այլ հանրահայտ նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանն այս տարի կդառնար 75 տարեկան: Նրա ընտանիքի անդամներին այս կապակցությամբ ցուցահանդես կազմակերպելու առաջարկը մերժեց ՀՀ մշակույթի նախարարության կողմից`պատճառաբանելով, որ «գրքի տարի է»: Բացի դրանից, նկարչի ընտանիքի անդամների խոսքով ոչ մի պետական հաստատությունից այցելություն չկազմակերպվեց դեպի Խաչատրյանի գերեզման, նույնիսկ չհայտարարվեց հեռուստատեսությամբ կամ մամուլով:

Մեկ այլ հոբելյան` հանրահայտ դիրիժոր Օհան Դուրյանի 90-ամյակը: Օհան Դուրյանի տաղանդը, կարծես, մինչև վերջ չգնահատվեց այս երկրում: Նա, ով ծնվել էր սփյուռքում, և կարող էր աշխարհի շատ երկրների մշակույթը շենացնել, եկավ հայրենիք, և միշտ պատվով պահեց հայրենիքի դրոշը: Այս հոբելյանի կապակցությամբ առայժմ կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այց նրա շիրիմին: Առայժմ դա միակ միջոցառումն է, որ պետական մակարդակով արվել է: Ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը նվիրեց մաեստրոյի հիշատակին, սակայն ևս, սեփական նախաձեռնությամբ:

2012 թ-ին Երևանը հռչակվեց գրքի մայրաքաղաք, և հասկանալի է, որ մի քիչ դժվար է այդպիսի հագվեցած գրաֆիկով աշխատել և աջակցել այլ ոլորտներին: Բայց կարելի է այդ առիթը հրաշալիորեն համատեղել հոբելյանների հետ: Եթե դժվար է կազմակերպել ցուցահանդեսներ կամ մեծ միջոցառումներ, կարելի է այս «տարվա» շրջանակում կազմակերպել հրատարակություններ` նվիրված արվեստի երախտավորների հոբելյաններին: Գայանե Խաչատուրյանը գրել է հրաշալի նամակներ և ինքնակենսագրական, որոնք նույնպես արվեստի ուրույն գործեր են և կարելի է հրատարակել: Կարելի էր կազմակերպել Օհան Դուրյանին նվիրված գրքի կամ լուսանկարչական ալբոմի հրատարակություն, կամ Ռուդոլֆ Խաչատրյանի վերջին շրջանի գործերի ալբոմի հրատարակում, որով արժանին կարելի էր մատուցել հայ արվեստի երախտավորներին:

Այս անունները միակը չեն, և համոզված եմ, որ կան բազմաթիվ նմանատիպ օրինակներ, որոնց ծննդյան հոբելյանները կարելի էր համատեղել «գրքի տարվա» հետ:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---