Մի անբարեխիղճ առաքիչի պատմություն, կամ, թե ինչպես է գործարանային աղբը հայտնվում Կարմիր բլուրում

Մի անբարեխիղճ առաքիչի պատմություն, կամ, թե  ինչպես է գործարանային աղբը հայտնվում Կարմիր բլուրում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Հայաստանը միացավ աղբահավաքի համաշխարհային Let’s Do It! շարժմանը և մի խումբ կամավորների ջանքերով հանրապետության տարբեր քաղաքներում իրականացվեցին աղբահանության աշխատանքներ: «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի անդամներն ու Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, միանալով «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնությանը, այդ օրը մաքրել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի Կարմիր բլուր հնավայրի տարածքը: Երբ մասնակիցներն ավարտել են մաքրման աշխատանքները, հնավայրին է մոտեցել մի մեքենա և մաքրած տարածք է նետել պարկերով գործարանային աղբ: Երիտասարդների կոչերին աղտոտողները չեն արձագանքել և շտապ հեռացել են վայրից: Թափված աղբի մեջ եղել են պաստառներ, որոնց վրա «Էլնոր» ընկերության ապրանքանիշն է:

Հաջորդ օրը «Մենք կարող ենք» շարժումը տարածել է հաղորդագրություն, որով դիմել է Երևանի քաղաքապետին և խնդրել արձագանքել տեղի ունեցած միջադեպին: Մինչ քաղաքապետարանի արձագանքը, «Էլնոր» ընկերության մարքեթինգի գծով փոխտնօրեն Պավել Ղարաքեշիշյանը հանդես էր եկել հայատարարությամբ և ասել էր, որ ընկերութունը արդեն պատժել է այն անբարեխիղճ աշխատողին, ով թափել է աղբը:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը, ով ներկա է եղել միջադեպին, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ դեպքից հետո ուսանողներից մեկը զանգել է «Էլնոր» ընկերություն՝ պարզաբանում ստանալու համար, ի պատասխան` ընկերությունից ասել են, որ իրենք միշտ էլ աղբն այդտեղ են թափում և երբևէ չեն իմացել, որ դա հնավայր է. «Եթե այդ ընկերությունը որևէ բան է անում, թող բարի լինի, կրել առաջացած հետևանքների պատասխանատվությունը: Մենք նաև քաղաքապետարան ու բնապահպանության նախարարություն ենք դիմել: Քաղաքապետարանն արդեն արձագանքել է և խոստացել ճշտել հանգամանքները»:

Իսկ միջադեպի հետ կապված PanARMENIAN.Net ի հարցմանը «Էլնոր» ընկերությունից պատասխանել են , որ նշված վայրում «Էլնորի» արտադրական որևէ աղբ չկա և երբևէ չի եղել, գործարանը որևէ արտադրական աղբ չի նետել այդ կամ որևէ նման վայրում:

Սա կարծես հերքում է, բայց ինչպես երևում է` այնքան էլ չէ, որովհետև պատասխանի շարունակության մեջ ասվում է, որ փորձաշրջանով նոր ընդունված առաքիչներից մեկը, տվյալ վայրի կողքով անցել է և, տեսնելով հավաքած աղբի կույտը, կարծել է, թե դա աղբավայր է և որոշել է ազատվել իրեն ամրագրված մեքենայում եղած մի քանի գովազդային պաստառներից, որոնք իրականում պետք է փակցներ խանութներում, ոչ թե դեն նետեր:

Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ տվյալ աշխատկցի նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ՝ առանց մանրամասնելու դրանց էությունը:

«Մենք կարող ենք» շարժման անդամներին, սակայն, ընկերության և նրա աշխատակիցների հարաբերությունները չեն հետաքրքորւմ, շարժման անդամները հերթական հաղորդագրությունն են տարածել, որով պահանջում են հրապարակավ ընդունել ընկերության պատասխանատվությունն իր աշխատակիցների աշխատանքային գործունեության համար, ներողություն խնդրել տարածքը մաքրած երիտասարդներից և սեփական ռեսուրսներով մաքրել աղտոտված տարածքը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---