ՀԲԸՄ-ն կվճարի Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի բնակավարձը

ՀԲԸՄ-ն կվճարի  Հայաստանի  մարզերում բնակվող սիրիահայերի բնակավարձը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի, Դամասկոսի հայոց թեմի ատենապետ և ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի, ՀԲԸՄ կենտրոնական վարչության ժողովի անդամ Երվանդ Զորյանի և ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Հովիկ Յորդեկյանի հետ:

Ինչպես հայտնում է ՀՀ սփյուքի նախարարության լրատվական ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվեցին սիրիահայությանը վերաբերող խնդիրներ: Նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացավ, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը միջոցներ է ձեռնարկում Սիրիայում ապրող կարիքավոր ընտանիքներին սննդով, առաջին անհրաժեշտության պարագաներով, ապահովելու հարցում:

Քննարկվեցին Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրները համակարգելու և անհրաժեշտության դեպքում աջակցության հնարավոր տարբերակները:

Պերճ Սեդրակյանը համաձայնեց ՀԲԸՄ-ի տարածքում գրասենյակ հատկացնել, որտեղ կգործի «Սիրիահայերի համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և վճարել նշված կազմակերպության աշխատողների աշխատավարձը: «Սիրիահայերի համակարգող կենտրոնը» դառնալու է այն մարմինը, որտեղ ներկայացվելու, քննարկվելու և անհրաժետ վերլուծության են ենթարկվելու սիրիահայերի առջև ծառացած խնդիրները, ապա ներկայացվելու են ՀՀ սփյուռքի նախարարությանը:

ՀԲԸՄ նախագահ Պ. Սեդրակյանը պատրաստակամություն հայտնեց բնակարանի վարձավճարը մուծելու հարցում աջակցել այն սիրիահայերին, որոնք ապրում են Երևանից դուրս, Հայաստանի այլ մարզերում: Պերճ Սեդրակյանը նշեց, որ ՀԲԸՄ պատրաստ է ֆինանսապես աջակցել նաև այն սիրիահայերին, ովքեր ստանում են հայագիտական ուղղությամբ մասնագիտական բարձրագույն կրթություն և դժվարություններ ունեն ուսման վարձավճարների հետ կապված:

Հանդիպման ընթացքում որոշվեց նաև, որ ՀԲԸՄ համապատասխան տարածք կտրամադրի, որտեղ սիրիահայ երիտասարդները հնարավորություն կունենան ժամանց և հավաքույթներ անցկացնել, ունենալ ճանաչողական հանդիպումներ հայ հասարակական և պետական գործիչների հետ, քննարկել իրենց հուզող խնդիրները, ինտեգրվել հայաստանյան հասարակական կյանքին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---