Հայկական պատվիրակությունը մասնակցել է ԱԷՄԳ 56-րդ նստաշրջանին

Հայկական պատվիրակությունը մասնակցել է ԱԷՄԳ 56-րդ նստաշրջանին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ին Վիեննայում իր աշխատանքները մեկնարկեց ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 56-րդ նստաշրջանը: Կոնֆերանսին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Սեպտեմբերի 18-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթով հանդես եկավ ՀՀ պատվիրակության ղեկավար Արմեն Մովսիսյանը: Նախարարն անդրադարձավ ԱԷՄԳ հետ ՀՀ համագործակցության տարբեր ոլորտներին, մասնավորապես` ՀԱԷԿ գործող էներգաբլոկի ապահովության բարձրացմանը, նոր էներգաբլոկի կառուցմանը, ատոմակայանում «սթրես-թեսթերի» անցկացմանը և մի շարք այլ հարցերի:

Կոնֆերանսի շրջանակներում ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հանդիպում ունեցավ Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ԱԷՄԳ համագործակցության, Մեծամորի ատոմակայանի նոր էներգահամալիրի կառուցման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Գլխավոր կոնֆերանսի շրջանակներում Արմեն Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպեց Հորդանանի Ատոմային էներգիայի հանձնաժողովի նախագահ Խ. Թուքանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ոլորտին առնչվող հարցերի շրջանակներում երկկողմ համագործակցության հեռանկարները:

ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ գործակալության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---