Երևանի քաղաքապետարանը կհամագործակցի Ֆրանսիական զարգացման գործակալության հետ

Երևանի քաղաքապետարանը կհամագործակցի Ֆրանսիական զարգացման գործակալության հետ

PanARMENIAN.Net - Քաղաքային տնտեսության կառավարման մի շարք ոլորտներում ընթացող բարեփոխումների շրջանակում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:

Վահե Նիկոյանը նշել է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր որդեգրած քաղաքականության համատեքստում` կարևորում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը և պատրաստակամ է քննարկելու քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրային առաջարկներ:

«Երևանի քաղաքապետը բազմիցս է նշել, որ քաղաքային տնտեսության կառավարման կատարելագործմանն ուղղված բարեփոխումների շրջանակում Երևանի քաղաքապետարանի և մասնավոր հատվածի միջև առկա են հաջողված համագործակցության օրինակներ: Այս դեպքում ևս, կարծում եմ, կստացվի լավ համագործակցություն, հատկապես հաշվի առնելով, որ 2011 թվականին ՀՀ կառավարության և գործակալության միջև կնքված փոխըմբռնման հուշագիրը նման հնարավորություն ընձեռում է»,-նշել է քաղաքապետի տեղակալը:

Շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար` Ֆրանսիական զարգացման գործակալության ասիական բաժնի փոխտնօրեն Լորեն Ամարը նշել է, որ իրենք հատկապես հետաքրքրված են տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և մատնանանշել է այն հիմնական ուղղությունները, որտեղ գործակալությունն ակնկալում է քաղաքապետարանի հետ ակտիվ փոխգործակցություն: Մասնավորապես առանձնացվել են հասարակական տրանսպորտի, ջրամատակարարման ու ջրահեռացման, ինչպես նաև վարչական շրջանների բարեկարգման ու աղբի և կոշտ թափոնների մշակման ոլորտները:

Վահե Նիկոյանն իր հերթին ընդգծել է, որ քաղաքապետարանի կողմից մշտապես աշխատանքներ են տարվում նշված ոլորտներում բարեփոխումների ծրագրերի մշակման ուղղությամբ և այժմ էլ, ակնկալվում է, որ այդ ուղղությամբ Ֆրանսիական զարգացման գործակալության հետ համագործակցության շրջանակում կիրականացվեն հստակ ծրագրեր:

Հանդիպման ավարտին հյուրերն իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են հղել քաղաքապետարանի աշխատակազմին ՀՀ Անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---