Էթիկայի հանձնաժողովն այսօր կքննի Վարդգես Գասպարիի դիմումը

Էթիկայի հանձնաժողովն այսօր կքննի Վարդգես Գասպարիի դիմումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովի այսօրվա նիստում կքննարկվի ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարիի դիմումը:

Զեկուցողը խորհրդարանի աշնանային նստաշրջանում հանձնաժողովի նախագահությունը ստանձնած, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն է:

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին ԶԼՄ-ներին օրեր առաջ հայտնել էր, որ դիմել է ԱԺ էթիկայի հանձնաժողովին` խնդրելով քննել ՀՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական Սամվել Ալեքսանյանի «վարքագիծը և կայացնել համապատասխան որոշում»:

Գասպարին դիմում էր ներկայացրել հունիսի 21-ին ԱԺ մուտքի մոտ իր և պատգամավորի միջև տեղի ունեցած միջադեպիառնչությամբ: Նա նշել էր նաև, որ «կատարվածը ֆիքսել են որոշ լրատվամիջոցներ, մասնավորապես` «Ա1+»-ը»:

Սա ԱԺ պատգամավորին վերաբերող, քաղաքացիներից ստացված երրորդ դիմումի քննարկումն է: ՀՀ քաղաքացի Արթուր Զադոյանի և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի` ԱԺ 3 պատգամավորներին վերաբերող նախորդ երկու դիմումների քննությունը հանձնաժողովը օգոստոսի 31-ի նիստի քննարկումների արդյունքում որոշել էր մերժել:

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, Էթիկայի հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնբաց: Այդ իսկ պատճառով, դիմումները նախօրոք հրապարակման ենթակա չեն, սակայն դրանց վերաբերյալ հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները հրապարակվում են և տեղադրվում ԱԺ-ի պաշտոնական կայքէջում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---